Եվրահանձնաժողովը ստեղծել է պատժամիջոցների նոր գրասենյակ
Եվրահանձնաժողովը ստեղծում է Եվրամիության պատժամիջոցների գրասենյակ, որի գլխավոր նպատակը կլինի պատժամիջոցների քաղաքականության պլանավորման, կիրարկման և դրանց շրջանցման կանխարգելման արդյունավետության բարձրացումը։
Նոր կառույցը մեկ հարթակում կմիավորի Եվրահանձնաժողովի փորձագիտական ներուժը պատժամիջոցների ամբողջական ցիկլի վերաբերյալ՝ սկսած քաղաքականության մշակումից մինչև դրա գործնական իրականացումն ու երրորդ երկրների հետ համագործակցությունը։ Գրասենյակը կաջակցի անդամ պետություններին արագ համապատասխանեցման հրահանգներով, տվյալների փոխանակմամբ, ինչպես նաև տնտեսական և տեխնիկական վերլուծությամբ՝ պատժամիջոցների միատեսակ կիրարկումն ապահովելու նպատակով։
Ինչպես նշել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի ֆոնին պատժամիջոցները դարձել են Եվրամիության արտաքին քաղաքականության և մարտահրավերներին արձագանքելու առանցքային գործիք։ Սակայն, որպեսզի այդ միջոցները իրական արդյունք տան, անհրաժեշտ է խիստ վերահսկողություն, բացթողումների վերացում և պատժամիջոցների շրջանցման կանխում։ Պատժամիջոցները վերաբերում են ոչ միայն Ռուսաստանին և Բելառուսին, այլև տարածվում են Իրանի, Հյուսիսային Կորեայի և Սիրիայի, ինչպես նաև հիբրիդային սպառնալիքների և կազմակերպված հանցավորության վրա։
Եվրամիության պատժամիջոցների գրասենյակը կընդգրկվի Գլխավոր քարտուղարության կազմում և կգործի ֆինանսական ծառայությունների հարցերով եվրահանձնակատար Մարիա Լուիշ Ալբուկերկեի քաղաքական պատասխանատվության ներքո։ Գրասենյակը սերտորեն կհամագործակցի Եվրամիության պատժամիջոցների հարցերով հատուկ ներկայացուցչի հետ, որի գործունեությունը ներառում է համագործակցություն երրորդ երկրների հետ՝ այլընտրանքային առևտրային երթուղիների կամ ֆինանսական ուղիների օգտագործմամբ պատժամիջոցների շրջանցման ռիսկերը նվազեցնելու նպատակով։
Նոր գրասենյակը պաշտոնապես կսկսի գործել 2027 թվականի հունվարի 16-ից։ Զուգահեռաբար, Եվրահանձնաժողովը Եվրամիության պատժամիջոցների հարցերով նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել շվեդ դիվանագետ Լարս Դանիելսոնին։ Նա իր լիազորությունների կատարմանը կանցնի 2027 թվականի փետրվարի 6-ից՝ գործող հատուկ ներկայացուցիչ Դեյվիդ Օ’Սալիվանի մանդատի ավարտից հետո։