Եվգենի Պրիգոժին. Նախագահը խորապես սխալվում է դավաճանության հարցում, մենք չենք պատրաստվում որևէ մեկի պահանջով հանձնվել, քանի որ չենք ուզում, որ երկիրը շարունակի ապրել կոռուպցիայի, բյուրոկրատիայի և ստի մեջ
Եվգենի Պրիգոժին. Նախագահը խորապես սխալվում է դավաճանության հարցում, մենք չենք պատրաստվում որևէ մեկի պահանջով հանձնվել, քանի որ չենք ուզում, որ երկիրը շարունակի ապրել կոռուպցիայի, բյուրոկրատիայի և ստի մեջ

Ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը պատասխանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և հերքել պետական ​​դավաճանության մեղադրանքները։ Այս մասին նա հայտարարեց ևս մեկ ուղերձում:

Պրիգոժինն իրեն և «Վագների» մարտիկներին անվանում է հայրենիքի հայրենասերներ և ասում, որ չի պատրաստվում հանձնվել, քանի որ չի ցանկանում, որ երկիրը շարունակի ապրել կոռուպցիայի, բյուրոկրատիայի և ստի մեջ։

«Հայրենիքի դավաճանության հարցում նախագահը խորապես սխալվում է: Մենք մեր հայրենիքի հայրենասերներն ենք, կռվել ենք, կռվում ենք, և ոչ ոք չի պատրաստվում հանձնվել նախագահի, «Էֆեսբեի» կամ որևէ մեկի պահանջով, քանի որ չենք ուզում, որ երկիրը շարունակի ապրել կոռուպցիայի, բյուրոկրատիայի և ստի մեջ»,- ասել է Պրիգոժինը ձայնագրության մեջ։

Բացի այդ, Պրիգոժինը նշել է, որ որոշակի անձ, ում անունը չի նշել, գողանում է Ուկրաինայի հետ պատերազմի համար հատկացված միջոցները, ինչպես որ գողացել է Աֆրիկայի համար հատկացված գումարները։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվգենի Պրիգոժինի գործողությունները դավաճանություն է անվանել և ասել, որ Մոսկվայի պատասխանը խիստ է լինելու։ Պուտինի խոսքով, «յուրաքանչյուրը, ով գիտակցաբար բռնեց դավաճանության ճանապարհը, պատրաստեց զինված ապստամբություն, կիրառեց շանտաժ ու ահաբեկչական մեթոդներ, անխուսափելի պատժի կենթարկվի, պատասխան կտա օրենքի և մեր ժողովրդի առջև»։

Հիշեցնենք՝ Եվգենի Պրիգոժինը մեղադրել է Ռուսաստանի ռազմական ղեկավարությանը իր մարտիկների ճամբարների վրա հարձակումներ իրականացնելու մեջ, ինչը ՊՆ-ն հերքում է։ Պրիգոժինն ասել է, որ մտադիր է կասեցնել «երկրի ռազմական ղեկավարության կողմից իրականացվող չարիքը»։ Նրա խոսքով, ինքը «ոչնչացնելու է ցանկացած ինքնաթիռ և բոլոր ճանապարհային արգելափակոցները, որոնք փակում են ճանապարհը»: Պրիգոժինի խոսքով՝ ինքը իր տրամադրության տակ ունի 25 հազար մարտիկ, և կոչ է անում բոլոր ռուսներին, ովքեր ցանկանում են միանալ իրենց, այդ թվում՝ կանոնավոր բանակի զինծառայողներին։ ՌԴ Անվտանգության ծառայությունը քրեական գործ է հարուցել Եվգենի Պրիգոժինի դեմ՝ ռազմական ապստամբություն հրահրելու մեղադրանքով։ Բացի այդ, ՌԴ Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտարարել է, որ Ռուսաստանի մայրաքաղաքում, ինչպես նաև Մոսկվայի և Վորոնեժի մարզերում հակաահաբեկչական ռեժիմ է հայտարարվել։