Եթե Ռուսաստանը դադարեցնի կռիվը, Ուկրաինայում այլևս պատերազմ չի լինի, բայց եթե Ուկրաինան դադարեցնի պայքարը, այլևս չի լինի Ուկրաինա. Ուրսուլա Ֆոն Դեր Լեյեն
Եթե Ռուսաստանը դադարեցնի կռիվը, Ուկրաինայում այլևս պատերազմ չի լինի, բայց եթե Ուկրաինան դադարի կռվել, այլևս չի լինի Ուկրաինա,- այս մասին Ֆրանսիայում, Տայզե գյուղում քրիստոնեական էկումենիկ միջոցառման ժամանակ, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լեյենը:
Իր ելույթում Ուրսուլա Ֆոն Դեր Լեյենն ասել է, որ Եվրամիությունը ստեղծվել է խաղաղություն հաստատելու համար, և այս տարի, Ուկրաինայում Կրեմլի պատերազմի ֆոնին, Եվրամիությունը պետք է կատարի իր հիմնադիրների նկրտումները, կրի անվտանգության վերականգնման առաքելությունը և հաստատի խաղաղություն Եվրոպայում։
«Եթե Ռուսաստանը դադարեցնի կռվելը, Ուկրաինայում այլևս պատերազմ չի լինի, բայց եթե Ուկրաինան դադարի կռվել, այլևս Ուկրաինա չի լինի: Այնպես որ, այսօր տեր կանգնել խաղաղությանը, նշանակում է կանգնել ուկրաինացի ժողովրդի կողքին։ Ուկրաինացիները պայքարում են իրենց ժողովրդավարության, ինքնորոշման, մարդկային արժանապատվության հարգման համար։ Ուկրաինացիները պայքարում են գոյատևման, բայց նաև մեր եվրոպական արժեքների համար, և ես վստահ եմ, որ Ուկրաինայում վերջին խոսքը չարը չի ունենա»,- ասել է Եվրահանձնաժողովի նախագահը։
Ըստ Ուրսուլա Ֆոն Դեր Լեյենի՝ և՛ ուկրաինացիները, և՛ Եվրամիությանը մոտ գտնվող մյուս ժողովուրդներն ասում են, որ փոփոխություններ են ուզում և իրենց ապագան տեսնում են Եվրամիությունում:
«Մեր հարևանները՝ Ուկրաինայում և արտերկրում, մեզ ասում են, որ փոփոխություններ են ուզում։ Նրանք ցանկանում են ավելի շատ ժողովրդավարություն, ավելի շատ ազատություն, ավելի շատ հեռանկար: Մի խոսքով, նրանք ավելի շատ Եվրոպա են ուզում։ Ես կասկած չունեմ, որ մեր միությունը պետք է լինի մեր արժեքները կիսող եվրոպական բոլոր երկրների տունը։ Եվրոպական արժեքների մեր ընտանիքը կծաղկի և լավ հարաբերությունների մեջ կլինի մեր հարևանների հետ: Միայն այս կերպ մենք կարող ենք իրականացնել մեր հիմնադիրների ձգտումը դեպի խաղաղություն և հաշտություն»,- ասել է Ուրսուլա Ֆոն Դեր Լեյենը։