Հայաստան կատարած այցի շրջանակներում Գեկա Գելաձեն հանդիպել է իր հայ գործընկեր Անդրանիկ Սիմոնյանին
Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետ Գեկա Գելաձեն պատվիրակության հետ միասին պաշտոնական այցով ժամանել է Հայաստանի Հանրապետություն։
ՊԱԾ-ի հաղորդմամբ՝ այցի շրջանակներում Գեկա Գելաձեն հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի հետ։
«Հանդիպմանը կողմերը քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև առկա ռազմավարական գործընկերության հարցեր, տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններն ու առկա մարտահրավերները։ Ընդգծվել է գլոբալ սպառնալիքների հաղթահարման գործընթացում երկու երկրների անվտանգության ծառայությունների միջև համագործակցության խորացման կարևորությունը։
Գեկա Գելաձեն հայ գործընկերոջը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և պատասխան այցով հրավիրել Վրաստան։
Հանդիպմանը ներկա են եղել Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի տեղակալներ Թամազ Բորաշվիլին և Ալեքսանդր Մայսուրաձեն»,- ասված է գերատեսչության տարածած տեղեկատվության մեջ։