Երեկ մեր տարածքների ոչ մի սանտիմետր չենք զիջել հակառակորդին, Հայաստանի կառավարության գործողությունները լոգիկայից զուրկ են և վտանգ են ներկայացնում հենց Հայաստանի համար. Իլհամ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ադբեջան-Հայաստան սահմանին տեղի ունեցած միջադեպի մեջ մեղադրում է Հայաստանի կառավարությանը:
«Երեկ հայ զինվորականները սահմանին կրակ են բացել Ադբեջանի դիրքերի ուղղությամբ: Սա հայկական կողմի հերթական սադրանքն է: Դա մեր դիրքերի վրա անակնկալ հարձակում էր, որի հետևանքով զոհվել են մեր զինծառայողները, սակայն մենք կանխել ենք այդ հարձակումը և համարժեք պատասխան տվել: Մենք վրեժ ենք լուծել մեր զոհված զինվորների համար: Այսօր սահմանին իրավիճակը կրկին լարված է»,- ասել է Ալիևը անվտանգության խորհրդի նիստում:
Ադրբեջանի նախագահը նշել է, որ այդ սադրանքի պատասխանատվությունը ամբողջովին ընկնում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա:
Ըստ Իլհամ Ալիևի, սահմանին տեղի ունեցած միջադեպի մասին տեղեկությունը արդեն տրամադրվել է միջազգային կազմակերպություններին:
Ալիևի հայտարարությամբ, առաջին հնարավորության դեպքում Ադրբեջանը կհրավիրի արտասահմանյան զինվորականների, որպեսզի նրանք համոզվեն, թե ով է սկսել սադրանքը: