ԵԱՀԿ նախագահության եռյակը, որը ներառում է Մալթան, Հյուսիսային Մակեդոնիան և Ֆինլանդիան, համատեղ հայտարարություն է տարածել Վրաստանի վերաբերյալ
ԵԱՀԿ նախագահության եռյակը, որը ներառում է Մալթան, Հյուսիսային Մակեդոնիան և Ֆինլանդիան, հայտարարություն է տարածել Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։
Ինչպես նշվում է հայտարարության մեջ, նրանք կանգնած են վրաց ժողովրդի կողքին, քանի որ ժողովուրդն արտահայտում է ժողովրդավարական և եվրոպական ապագայի իր ցանկությունը, ինչը հաստատված է Վրաստանի Սահմանադրությամբ։
«Մենք՝ ԵԱՀԿ նախագահության եռյակի անդամներս, կտրականապես դատապարտում ենք վրացական իշխանությունների բռնի արձագանքը Վրաստանի քաղաքացիական հասարակության, անկախ լրատվամիջոցների և քաղաքական գործիչների խաղաղ ցույցերին, ովքեր աջակցում են երկրի ժողովրդավարական ապագան։ Մենք կոչ ենք անում Վրաստանի իշխանություններին անհապաղ դադարեցնել ռեպրեսիվ մարտավարությունը և ահաբեկումը, ներառյալ կամայական ձերբակալությունները և ֆիզիկական բռնությունները։
Մենք կոչ ենք անում Վրաստանի իշխանություններին ապահովել երկրում հավաքների ազատության և մարդկանց արտահայտվելու իրավունքը՝ Վրաստանի միջազգային պարտավորություններին համապատասխան։ Ընդունված օրենքները, որոնք հակասում են այդ պարտավորություններին, պետք է չեղյալ համարվեն։
Բռնության, ընտրակեղծիքների և ժողովրդավարական արժեքների և սկզբունքների դեմ հարձակումների մասին բոլոր մեղադրանքները պետք է արժանահավատ կերպով հետաքննվեն, և այդ հանցագործությունների բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։
Մենք կոչ ենք անում Վրաստանի իշխանություններին պաշտպանել մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը՝ համաձայն ԵԱՀԿ մեր ընդհանուր սկզբունքների և պարտավորությունների, ինչպես արդեն ամրագրված է Հելսինկյան եզրափակիչ ակտում և Փարիզի խարտիայում։
Մենք խրախուսում ենք Վրաստանի իշխանություններին օգտագործել այն տարբեր գործիքներն ու փորձը, որոնք կարող են առաջարկել ԵԱՀԿ-ն և նրա ինստիտուտները:
Մենք կանգնած ենք վրաց ժողովրդի կողքին, քանի որ նա արտահայտում է իր ցանկությունը ժողովրդավարական և եվրոպական ապագայի համար, ինչպես դա հաստատված է Վրաստանի Սահմանադրությամբ»,- ասված է հայտարարության մեջ։