Խորհրդարանի մոտ բողոքի ակցիա է ընթանում
Խորհրդարանի մոտ բողոքի ակցիա է ընթանում

Խորհրդարանի դիմաց բողոքի ակցիա է ընթանում։ Օրենսդիր մարմնի ետնամուտքում հավաքված ցուցարարները բողոքում են «Վրացական երազանքի»՝ «արտաքին ազդեցության թափանցիկության» մասին օրենսդրական նախաձեռնության դեմ։

Նրանց հիմնական պահանջն է, որ Վրաստանի խորհրդարանը հետ կանչի նշված փաստաթուղթը։

Հավաքվածների կարծիքով՝ կառավարման թիմի նախաձեռնած նախագիծը խոչընդոտում է Վրաստանի եվրաինտեգրման գործընթացին։

Հանրահավաքի մասնակիցների մյուս պահանջն է ազատ արձակել Լազարե Գրիգորիադիսին։

«Այդ գործընթացները փոխկապակցված են։ «Վրացական երազանքը» որոշել է ևս մեկ անգամ ներմուծել ռուսական օրենքը, ևս մեկ անգամ փորձել վերահսկողության տակ դնել վրացական հասարակական կազմակերպություններին և լրատվամիջոցներին, բազմաթիվ մարդկանց, քաղաքացիներին թողնել առանց օգնության, առանց արևմուտքի օգնության։ Կարծում եմ՝ մեր հասարակությունը ևս մեկ անգամ կկանգնի և ցույց կտա, որ մեր ընտրությունը Եվրամիությունն է»,- ասել է հանրահավաքի մասնակից Թամար Ջաղելին։