Wall Street Journal – Դոնալդ Թրամփը քննարկում է այս շաբաթ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը

10:51, 27.05.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս շաբաթ քննարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Հրատարակությունը նշում է, որ Թրամփը հիասթափված է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա հարձակումներից և խաղաղության բանակցությունների դանդաղ տեմպից։ Աղբյուրներից մեկի փոխանցմամբ՝ սահմանափակումները, ենթադրաբար, չեն ներառի նոր բանկային պատժամիջոցներ, սակայն քննարկվում են այլ տարբերակներ՝ Պուտինի վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի Ռուսաստանը համաձայնվի 30-օրյա հրադադարի հետ, որին Ուկրաինան վաղուց է աջակցում։

Աղբյուրը նաև լրատվամիջոցին հայտնել է, որ Դոնալդ Թրամփը հոգնել է խաղաղության բանակցություններից և քննարկում է գործընթացից դուրս գալու հնարավորությունը, եթե վերջին գործողությունները արդյունք չտան։

«The Wall Street Journal»-ը գրում է, որ անհասկանալի է, թե ինչ կլինի, եթե ԱՄՆ-ն դուրս գա գործընթացից, և արդյոք նման իրավիճակում կշարունակվի Ուկրաինային տրամադրվող ռազմական աջակցությունը։

Թրամփը շաբաթներ շարունակ դիմադրել է Վլադիմիր Պուտինին քննադատելու ճնշմանը՝ հրադադարի համաձայնագիրը չստորագրելու համար։ Ըստ Wall Street Journal-ի՝ սա պայմանավորված էր երեք գործոնով՝ Ուկրաինայի նախագահի նկատմամբ տրամադրվածությամբ։ Թրամփի խոսքով՝ Զելենսկին նպաստում էր հակամարտության շարունակմանը։ Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցները չեն սահմանափակի պատերազմ վարելու նրա կարողությունը, բայց կբարդացնեն ԱՄՆ-Ռուսաստան տնտեսական կապերը վերականգնելու ջանքերը։ Թրամփը կարծում էր, որ ճանաչում է Պուտինին, և որ Ռուսաստանի առաջնորդը կդադարեցնի պատերազմը։

Նմանատիպ