Wall Street Journal – Դոնալդ Թրամփը եվրոպացի առաջնորդներին ասել է, որ Վլադիմիր Պուտինը պատրաստ չէ ավարտել պատերազմը, քանի որ կարծում է, որ հաղթում է

12:12, 22.05.2025

ԱՄՆ նախագահը ռուս գործընկերոջ հետ զրույցից հետո եվրոպացի առաջնորդներին ասել է, որ Վլադիմիր Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը։

Այս մասին գրում է Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Աղբյուրների համաձայն, Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո Դոնալդ Թրամփը եվրոպացի առաջնորդներին ասել է, որ Կրեմլի առաջնորդը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը Ուկրաինայում, քանի որ կարծում է, որ հաղթում է։

Հոդվածում նշվում է, որ հեռախոսազրույցին մասնակցել են Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լեյենը։

Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից առաջ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ պատրաստ է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, սակայն, ինչպես հաղորդում է Wall Street Journal-ը, զրույցից հետո Դոնալդ Թրամփը փոխել է իր միտքը, բայց ասել է, որ ցանկանում է արագ առաջընթաց գրանցել։

Աղբյուրների փոխանցմամբ, չնայած այն հանգամանքին, որ Դոնալդ Թրամփը դեռևս չի համոզվել նոր պատժամիջոցներ կիրառել, եվրոպացի առաջնորդները տեսել են, որ Ուկրաինայի հետագա աջակցության հիմնական դերը անցնում է իրենց։ Միաժամանակ, նրանք չեն կարծում, որ Դոնալդ Թրամփը կդադարեցնի զենքի արտահանումը Ուկրաինա, գոնե մինչև Եվրոպան կամ Ուկրաինան չվճարեն դրա համար։

Նմանատիպ