Վրաստանի խորհրդարանի պատվիրակությունը հանդիպում ունեցավ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարի հետ
ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի ժամանակ Վրաստանի խորհրդարանի մշտական պատվիրակությունը՝ Գիվի Միքանաձեի ղեկավարությամբ, հանդիպում է ունեցել Վեհաժողովի գլխավոր քարտուղար Ռուքսանդրա Պոպայի և նրա տեղակալ Հենրիկ Բլիդալի հետ։
Վրաստանի խորհրդարանի տեղեկատվությամբ՝ հանդիպմանը մասնակցել են ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Վրաստանի պատվիրակության անդամները՝ եվրոպական ինտեգրման կոմիտեի նախագահ Լևան Մախաշվիլին և արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մարիամ Լաշխին։
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են վեհաժողովում Վրաստանի խորհրդարանի մշտական պատվիրակության ակտիվ ներգրավվածությունն ու երկրում ընթացող քաղաքական գործընթացները։ Վրաստանի խորհրդարանի պատվիրակության անդամները գլխավոր քարտուղարին մանրամասն տեղեկություն են ներկայացրել երկրի առաջընթացի և առկա մարտահրավերների վերաբերյալ։
Հատուկ ուշադրություն է դարձվել Վեհաժողովի միջոցառումներին պատվիրակության ներգրավվածության խորացման հնարավորություններին։