Վրաստանի նախագահական ընտրությունների քվեարկությունն ավարտվել է
Վրաստանի նախագահական ընտրությունների քվեարկությունն ավարտվել է

Վրաստանի խորհրդարանում, որտեղ ընթանում են նախագահական ընտրությունները, ավարտվել է քվեարկության գործընթացը։

Նախագահական ընտրությունները մեկնարկել են ժամը 09:00-ին, նախագահին ընտրում է ընտրական կոլեգիան։

Քվեարկության ավարտից հետո ԿԸՀ-ն կհավաքվի, կանցկացնի նիստ, որտեղ կհաշվարկվեն արդյունքները և կկազմվի համապատասխան ամփոփ արձանագրություն։

Ավելի ուշ ԿԸՀ ներկայացուցիչները կվերադառնան խորհրդարանի նիստերի դահլիճ և հանրությանը կտեղեկացնեն նախագահական ընտրությունների արդյունքները։

Միխեիլ Ղավելաշվիլին առաջադրվել է որպես նախագահի թեկնածու։

Բացի այդ, ինչպես հայտարարել են ԿԸՀ-ում, ժամը 11:30-ի դրությամբ ընտրական կոլեգիայի կեսից ավելին մասնակցել է նախագահական ընտրություններին, և ընտրությունները համարվում են կայացած, թեկնածուն ընտրված կհամարվի առաջին փուլում, եթե ստանա 200 ձայն։

Տեղեկացնենք, որ ընտրական կոլեգիան առաջին անգամ անուղղակիորեն ընտրում է Վրաստանի վեցերորդ նախագահին։ Ընտրական կոլեգիայի կողմից ընտրված նախագահը պաշտոնավարելու է հինգ տարի ժամկետով։

Նախագահական ընտրություններին զուգահեռ Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի ակցիա է ընթանում։ Օրենսդիր մարմնի մոտ հավաքվածներն ասում են, որ օրենսդիր մարմնում նախագահի ընտրության ընթացակարգը ոչ լեգիտիմ է, քանի որ խորհրդարանն ինքը նույնպես լեգիտիմ չէ։