Վրաստանի միգրացիայի դեպարտամենտը երկրից արտաքսել է օտարերկրյա 103 քաղաքացու
Ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները, նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ սերտ համագործակցությամբ, վերջին օրերին իրականացված միջոցառումների արդյունքում Վրաստանից արտաքսել են օտարերկրյա 103 քաղաքացու։ Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի ՆԳՆ-ն:
Գերատեսչության փոխանցմամբ՝ գործող օրենսդրության համաձայն, արտաքսված անձանց նկատմամբ սահմանվել է երկիր մուտք գործելու արգելք։
«Միգրացիայի դեպարտամենտի կողմից իրականացված համալիր միջոցառումների արդյունքում երկրից արտաքսվել են Թուրքիայի, Հնդկաստանի, Եգիպտոսի, Ռուսաստանի, Թուրքմենստանի, Բանգլադեշի, Պակիստանի, Ուզբեկստանի, Չինաստանի, Ադրբեջանի, Նիգերիայի, Բուլղարիայի, Ղազախստանի, Տաջիկստանի, Գանայի, Կոնգոյի, Թաիլանդի և այլ պետությունների՝ ընդհանուր առմամբ 103 քաղաքացի։
Երկրի մասշտաբով ինտենսիվորեն ընթացող համապատասխան համալիր միջոցառումների արդյունքում միայն ընթացիկ տարվա մարտ ամսին Վրաստանից իրականացվել է 360, իսկ 2026 թվականի առաջին եռամսյակում՝ 904 անօրինական միգրանտի արտաքսում», – ասված է ՆԳՆ տարածած հաղորդագրության մեջ։