Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին հանդիպել է Ասիական զարգացման բանկի (ADB) նախագահ Մասացուգու Ասակավայի հետ
Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին հանդիպել է Ասիական զարգացման բանկի (ADB) նախագահ Մասացուգու Ասակավայի հետ

Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին հանդիպել է Ասիական զարգացման բանկի (ADB) նախագահ Մասացուգու Ասակավայի և բանկի այլ առաջատար անձանց հետ։

Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը, որը տեղի է ունեցել Ֆիլիպինների Հանրապետության մայրաքաղաք Մանիլայում գտնվող Ասիական զարգացման բանկի գլխավոր գրասենյակում, մասնակցել է նաև ֆինանսների փոխնախարար Էկատերինե Գունցաձեն։

Ըստ նրանց, կողմերը քննարկել են Վրաստանի և Ասիական զարգացման բանկի համագործակցության հարցերը և Բանկի կողմից երկրում ֆինանսավորվող նախագծերի առաջընթացը։ Ուշադրություն է դարձվել այս տարվա մայիսի 2-5-ը Վրաստանում ADB-ի 57-րդ տարեկան ժողովի անցկացման կարևորությանը։

Նախարարությունից հայտնել են, որ Ասիական զարգացման բանկի նախագահը բարձր է գնահատել Վրաստանի կողմից ամենամյա հանդիպման նախապատրաստումը և վստահություն հայտնել, որ երկիրը հաջողությամբ կհյուրընկալի այս լայնածավալ միջոցառումը։

Կողմերը քննարկել են նաև Վրաստանի հետ Ասիական զարգացման բանկի համագործակցության նոր ռազմավարությունը, որը կօգնի երկրին զարգացնել կանաչ և ներառական տնտեսությունը։ Ռազմավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում տարածաշրջանային համագործակցությանը և ինտեգրմանը, ինչպես նաև մասնավոր հատվածի խթանմանը, մարդկային կապիտալի զարգացմանը և կլիմայի փոփոխությանը: