Վրաստանի ազգային բանկի մոնետար քաղաքականության կոմիտեն 2026 թվականի մայիսի 6-ի նիստում մոնետար քաղաքականության դրույքաչափը բարձրացրել է 0,25 տոկոսային կետով։ Մոնետար քաղաքականության դրույքաչափը կազմում է 8,25 տոկոս։
Ազգային բանկի տեղեկացմամբ՝ Մերձավոր Արևելքում սրված աշխարհաղաքական իրավիճակը և Հորմուզի նեղուցով փոխադրումների զգալի խափանումների երկարաձգումը համաշխարհային մակարդակով առաջացրել են գնաճի հերթական մատակարարման շոկը։ Միջազգային շուկաներում հումքային էներգապաշարների գների կտրուկ աճն արդեն արտացոլվել է գլոբալ գնաճի աճի մեջ։ Միևնույն ժամանակ, աշխարհաքաղաքական իրավիճակը խոչընդոտում է միջազգային փոխադրումներին և ուժեղացնում մատակարարման շղթաների խզման ռիսկերը։ Դա էլ իր հերթին թանկացնում է արտադրության ծախսերը, ինչը կարող է դառնալ լրացուցիչ գնաճի աղբյուր։ Վերոնշյալ նավթի գների թանկացման ուղղակի ազդեցությունը վրացական շուկայում արդեն արտացոլվել է վառելիքի գների մեջ։
Այս մատակարարման շոկերի ուղղակի և անուղղակի ազդեցությունների համակցության արդյունքում ապրիլին ընդհանուր գնաճը շեղվել է թիրախային 3 տոկոս մակարդակից և կազմել 5,9 տոկոս։ Միևնույն ժամանակ, համեմատաբար կոշտ գների ինդիկատորները, որոնք ավելի լավ են արտացոլում երկարաժամկետ գնաճային գործընթացներն ու գնաճային սպասումները, վերջին շրջանում արագացել են, ինչը երկրորդ փուլի ռիսկերն ավելի ուշագրավ է դարձրել։ Սակայն, չնայած արագացմանը, ինդիկատորները դեռևս մոտ են թիրախային ցուցանիշին։ Մասնավորապես, բազային գնաճը (առանց սննդամթերքի, էներգակիրների և ծխախոտի) ապրիլին կազմել է 3,2 տոկոս, իսկ ծառայությունների գնաճը՝ 3,7 տոկոս։
Չնայած սուր աշխարհաքաղաքական շոկերին՝ Վրաստանի տնտեսությունը պահպանում է կայունությունը, և տնտեսական աճը շարունակում է մնալ բարձր մակարդակի վրա։ Կանխնական տվյալներով՝ 2026 թվականի մարտին տնտեսական ակտիվության աճը կազմել է 10,7 տոկոս, իսկ առաջին եռամսյակում՝ 9,1 տոկոս։ Ընդ որում, տնտեսական աճի կարևոր շարժիչ ուժը շարունակում են մնալ բարձր արտադրողականություն ունեցող ոլորտները, ինչը մասնակիորեն հավասարակշռում է պահանջարկի կողմից եկող գնաճային ճնշումը։
Ազգային բանկի թարմացված կենտրոնական սցենարը նախատեսում է Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմի ավարտ երկրորդ եռամսյակում։ Սակայն նշված ենթադրությունը պայմանական է և բնութագրվում է անորոշության բարձր մակարդակով։ Բացի այդ, նույնիսկ եթե աշխարհաքաղաքական իրավիճակի դեեսկալացիան իրոք տեղի ունենա նշված ժամանակահատվածում, գլոբալ մատակարարման հզորությունների վերականգնման տևողությունը կապված է լրացուցիչ անորոշության հետ։ Հետևաբար, գնաճի աճի ուղղությամբ գործող ռիսկերն ավելի ընդգծված են։ Այդուհանդերձ, պահպանվում է նաև կենտրոնական սցենարի համեմատ աշխարհաքաղաքական իրավիճակի ավելի արագ դեեսկալացիայի հնարավորությունը։ Ելնելով դրանից՝ մոնետար քաղաքականության կոմիտեն կենտրոնական սցենարի հետ միասին քննարկել է ինչպես բարձր գնաճային, այնպես էլ ցածր գնաճային ռիսկերի սցենարները։
Բարձր գնաճային ռիսկի սցենարի իրականացման դեպքում հիմնարար գործընթացները կպահանջեն մոնետար քաղաքականության դրույքաչափի ավելի բարձր հետագիծ, քան կենտրոնական սցենարն է։ Բարձր գնաճային սցենարը ենթադրում է աշխարհաքաղաքական իրավիճակի ավելի երկարատև ձգձգում և սրում։ Այս ֆոնին միջազգային շուկայում ապրանքների գները էլ ավելի կաճեն, և մատակարարման շղթաների խզումը կդառնա լայնամասշտաբ։ Արդյունքում Վրաստանում ևս մատակարարման կողմից եկող գնաճային շոկը կուժեղանա, ինչը կսրի երկրորդ կարգի էֆեկտները, և ի վերջո գնաճը կենտրոնական սցենարի համեմատ ավելի բարձր կլինի։
Մյուս կողմից, մոնետար քաղաքականության կոմիտեի կողմից քննարկված ցածր գնաճային սցենարով նախատեսված ռիսկերի իրականացումը ենթադրում է մոնետար քաղաքականության դրույքաչափի ավելի արագ նորմալացման հնարավորություն՝ կենտրոնական սցենարի համեմատ։ Մերձավոր Արևելքում տիրող սուր աշխարհաքաղաքական իրավիճակի արագ դեեսկալացիայի պայմաններում միջազգային ապրանքային շուկաներում գների վրա ճնշումը կմեղմանա։ Միևնույն ժամանակ, գլոբալ մատակարարման շղթաներում առկա խափանումների ռիսկերը զգալիորեն կնվազեն, ինչը կարտացոլվի միջազգային փոխադրումների ծախսերի անկման մեջ և, վերջին հաշվով, կմեղմացնի գլոբալ գնաճային ճնշումը։
Ընթացիկ մակրոտնտեսական վերլուծության և առկա ռիսկերի քննարկման արդյունքում կոմիտեն օպտիմալ է համարել քաղաքականության դրույքաչափի բարձրացումը 0,25 տոկոսային կետով՝ մինչև 8,25 տոկոս։ Այս որոշումն ուղղված է գնաճային սպասումների կայուն պահպանմանը թիրախային ցուցանիշի շրջանակներում։ Մոնետար քաղաքականության չափավոր խստացումն իր հերթին նվազեցնում է երկրորդ կարգի էֆեկտների ռիսկերը և նպատակ ունի, որ մատակարարման կողմից գործող շոկի սպառումից հետո գնաճն արագորեն վերադառնա թիրախային երեք տոկոս մակարդակին։ Ազգային բանկն ակտիվորեն շարունակում է դիտարկել ընթացիկ իրադարձություններն ու դրանց ինտենսիվության անդրադարձը տեղական շուկայի վրա։ Այն դեպքում, եթե աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված գնաճային շոկերը էլ ավելի երկարաձգվեն և/կամ դրանց մասշտաբն ուժեղացնի երկրորդ փուլի էֆեկտների ռիսկերը, կոմիտեն կշարունակի մոնետար քաղաքականության դրույքաչափի չափավոր աճը։ Իսկ այն բանից հետո, երբ գնաճային շոկը կսպառվի, Ազգային բանկը փուլ առ փուլ կսկսի քաղաքականության նորմալացումը։
Մոնետար քաղաքականության կոմիտեի հաջորդ նիստը կկայանա 2026 թվականի հունիսի 17-ին։