Իսպանիան անկլավ Սեուտա զինվորականներ է ուղարկել միգրանտների հոսքի պատճառով
Իսպանիայի կառավարությունից հայտնել են, որ անվտանգությունն ամրապնդելու համար հյուսիսաֆրիկյան անկլավ Սեուտայում կտեղակայեն զինվորական ստորաբաժանումներ, մասնավորապես՝ կուղարկվի զինված ուժերի 60 զինծառայող և Քաղաքացիական գվարդիայի 30 աշխատակից։
«Զինված ուժերը Քաղաքացիական գվարդիային կօգնեն իրենց լիազորությունների իրականացման և այլ անհրաժեշտ գործողությունների կատարման հարցում, որպեսզի Սեուտա քաղաքում ապահովվի անվտանգությունը», — հայտարարել են Իսպանիայի ներքին գործերի նախարարությունում։
Ավելի վաղ Սեուտայի նախագահ Խուան Խեսուս Վիվասը Մադրիդին կոչ էր արել երկրում արտակարգ դրություն հայտարարել։ Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը սկզբում բացառում էր արտակարգ դրության հայտարարումը, սակայն ավելի ուշ գերատեսչությունը որոշում կայացրեց Սեուտայում զինվորականներ տեղակայել, որպեսզի վերականգնվի կարգուկանոնը և ուժեղացվի անվտանգությունը։
Ի գիտություն՝ Մարոկկոյից Իսպանիայի հյուսիսաֆրիկյան անկլավ Սեուտա մի քանի ժամում հազարավոր միգրանտներ են մուտք գործել։