Վրաստանի արտաքին գործերի նախարարություն. Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը շնորհակալություն է հայտնել վրացական կողմին ադրբեջանական նավթամթերքը Հայաստան տեղափոխելու հարցի արագ լուծման համար
Հայաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Նախարարության տվյալներով՝ զրույցի ընթացքում արտաքին գործերի նախարարները ամփոփել են անցած տարին և քննարկել երկու երկրների միջև ընթացիկ ռազմավարական նշանակության նախագծերը, ինչպես նաև երկկողմ համագործակցության հետագա խորացման հնարավորությունները։
«Հատկապես ընդգծվել է երկրների միջև բարձրաստիճան այցերի փոխանակման դրական դինամիկան։
Հատուկ ուշադրություն է դարձվել Վրաստանի և Ադրբեջանի միջև առևտրատնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված առաջընթացին։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը շնորհակալություն է հայտնել վրացական կողմին ադրբեջանական նավթամթերքների՝ Վրաստանի տարածքով դեպի Հայաստան փոխադրման հարցը արագ լուծելու համար։
Տարածաշրջանում ընթացող գործընթացների քննարկման ժամանակ ընդգծվել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության կարևորությունը և Վրաստանի պատրաստակամությունը՝ իր ներդրումն ունենալու այդ գործընթացում։
Նախարարները շնորհակալություն են հայտնել միմյանց արդյունավետ համագործակցության համար։ Վրաստանի արտաքին գործերի նախարարը՝ Մակա Բոչորիշվիլին, շնորհավորել է ադրբեջանցի գործընկերոջը Ամանորի առթիվ և արտահայտել երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման ցանկությունը», – նշված է Վրաստանի արտաքին գերատեսչության տեղեկատվության մեջ։
Ավելի վաղ Մակա Բոչորիշվիլիի և Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցի մասին տեղեկություն էր տարածել նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։