Կայա Կալաս. Վրաստանի կառավարությունը ներկայումս Եվրամիության հետ դիմակայության ճանապարհին է ժողովրդավարական հետընթացի տեսանկյունից, արտաքին գործերի նախարարների հետ հունվարին այս հարցի առավել խորքային քննարկում կունենանք
Արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Եվրամիության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը և ընդլայնման հարցերով եվրոհանձնակատար Մարտա Կոսը Եվրոպարլամենտում 2026 թվականի ընդլայնման փաթեթի ներկայացման ժամանակ պատասխանել են Վրաստանի վերաբերյալ տրված հարցերին։
Կալասի խոսքով՝ հունվարին արտաքին գործերի նախարարների հետ Վրաստանի հետ կապված առավել խորքային քննարկում կլինի։
«Անդամակցության գործընթացը կանգ է առել։ Ինչպես երկուսս էլ նշեցինք ներածական խոսքում, մենք աջակցում ենք վրաց ժողովրդին և նրանց ընտրությանը։ Հունվարին արտաքին գործերի նախարարների հետ Վրաստանի հետ կապված առավել խորքային քննարկում կունենանք այն մասին, թե ինչպես աջակցենք ժողովրդին և ԵՄ անդամակցությանն ուղղված նրանց ձգտումներին։
Վրաստանի կառավարությունն այժմ Եվրամիության հետ դիմակայության ճանապարհին է ժողովրդավարական հետընթացի հարցում։ Սա շատ, շատ հստակ է։ Նկատի ունեմ, որ ձեռնարկված քայլերը ճիշտ ուղղությամբ չեն ընթանում։ Այժմ, քննարկու՞մ ենք արդյոք որևէ արձագանք այս փուլում։ Վաղ է այդ մասին ասելը։ Ինչպես նշեցի, հունվարին ավելի խորությամբ կքննարկենք Վրաստանի հարցը։ Կան տարբեր տեսակետներ։ Մեզ համար ամենակարևորն այն է, թե ինչպես պատասխանենք այնպես, որ հստակ մատնանշենք՝ մենք աջակցում ենք վրաց ժողովրդին ու նրանց ձգտումներին և երես չենք թեքում այն վրաց ժողովրդից, որն իրականում ցանկանում է նույնպես լինել Եվրամիության մաս։ Սակայն, միևնույն ժամանակ, կառավարությանը հասցնենք հստակ ուղերձներ, որ մենք չենք աջակցում այս տեսակի քաղաքականությանը», – հայտարարել է Կալասը։
Բացի այդ, ընդլայնման հարցերով եվրոհանձնակատար Մարտա Կոսը նշել է, որ Վրաստանի իշխանությանը ստիպված կլինի փոխել կուրսը և վերադառնալ ժողովրդավարությանը, որից հետո հնարավոր կլինի վերսկսել անդամակցության գործընթացը։
«Եվրամիության դուռը բաց է մնում Վրաստանի համար, սակայն Վրաստանի իշխանությանը ստիպված կլինի փոխել կուրսը և վերադառնալ ժողովրդավարությանը, օրենքի գերակայությանը և հիմնարար իրավունքների հարգմանը, ապա հնարավոր կլինի վերսկսել անդամակցության գործընթացը։ Մենք գիտակցում ենք, և դա մեզ հույս է տալիս, որ վրացիների ճնշող մեծամասնությունը ցանկանում է եվրոպական ապագա, և մենք ցանկանում ենք, որ Վրաստանը կրկին լինի այս ուղու վրա», – նշել է Մարտա Կոսը։