Վրաստանի առաջին ալիքին հյուրընկալվել էր Ադրբեջանի հանրային ռադիոյի ղեկավարը

22:01, 16.10.2026
Վրաստանի առաջին ալիքին հյուրընկալվել էր Ադրբեջանի հանրային ռադիոյի ղեկավար Ֆաթեհ Մամեդովը։
Ֆաթեհ Մամեդովը հանդիպել է Վրաստանի հանրային հեռարձակողի ներկայացուցիչների հետ, ծանոթացել հեռարձակողի աշխատանքին, Առաջին ալիքի նոր շենքում գտնվող աշխատանքային և ստեղծագործական տարածքներին։ Հյուրը նաև այցելել է Վրաստանի առաջին ալիքի եզակի արխիվ։
Ինչպես նշել է Ադրբեջանի հանրային ռադիոյի ղեկավարը, իր համար հատկապես հուզիչ է եղել Առաջին ալիքի եզակի արխիվին ծանոթանալը։
«Վրաստանի հանրային հեռարձակողի հեռուստատեսության և ռադիոյի շենքում առաջին անգամ եմ հյուրընկալվում։ Այս հանդիպումից մեծ ուրախություն եմ տանում Ադրբեջան։ Չէի սպասում, որ այս հանդիպումն իմ համար այսքան հուզիչ կլիներ։ Այսօր այստեղ ոչ միայն նոր դարձած ընկերներ ձեռք բերելու և հին ընկերներին կրկին հանդիպելու հնարավորություն ունեցա, այլև երաժշտության լեզվով զգացի մեր ժողովուրդների միջև ավելի քան մեկդարյա պատմություն ունեցող կապը։ Այս ձայները լսելն ինձ համար մեծագույն երջանկություն էր։ Ադրբեջանական երաժշտությունը, այնպիսի ձայնագրություններին ծանոթանալը, որոնք ոչ համացանցում կարող ես գտնել, ոչ էլ այլ աղբյուրներով լսել, ինձ համար մեծագույն երջանկություն էր։ Այստեղից հեռանում եմ լավագույն տպավորություններով։ Միևնույն ժամանակ չեմ կարողանում թաքցնել հույզերս, քանի որ սա արտակարգ հետաքրքիր հանդիպում էր։ Ցանկանում եմ օգտվել առիթից և Վրաստանի հանրային հեռարձակողի ղեկավարությանն ու աշխատակիցներին մեծ շնորհակալություն հայտնել ինչպես այս արխիվի հասանելիության, այնպես էլ նյութերից օգտվելու հնարավորության համար», – նշել է Ադրբեջանի հանրային ռադիոյի ղեկավարը։
Նրա խոսքով՝ արխիվային նյութերին ծանոթանալը հատկապես արժեքավոր է այն ֆոնին, որ այս տարի Ադրբեջանում նշվում է ռադիոհեռարձակման 100-ամյա հոբելյանը։
«Արտակարգ արժեքավոր է այնպիսի արխիվային նյութերի հայտնաբերումն ու դրանց անմիջականորեն ծանոթանալը, որոնց մասին մինչ այժմ ոչինչ չգիտեինք։ Ձեր յուրաքանչյուր աշխատակցին անկեղծ շնորհակալություն եմ հայտնում մեզ նման անգնահատելի փորձ նվիրելու համար։ Ձեր արխիվի կատալոգում Ադրբեջանի հետ կապված ձայնագրություններ տեսնելու հնարավորություն ունեցա և, ճշմարիտն ասած, ապշած մնացի։ Որոշ դեպքերում հայտնաբերեցի այնպիսի անուններ և կատարողներ, որոնց այսօր նույնիսկ համացանցում այլևս չես հանդիպի։ Ինչպես գիտեք, մեր ռադիոն նույնպես ունի ձայնապնակների մեծ հավաքածու։ Իսկ ձեր ձայնապնակների վրա պահպանված են այնպիսի ձայնագրություններ, որոնք մինչ այժմ ոչ տեսել էինք, ոչ լսել։ Դրանք տեսնելով՝ հնարավորություն է տրվում ծանոթանալ այնպիսի ձայնագրությունների, որոնց մասին մինչ այժմ ոչինչ չգիտեինք։ Հատկապես ուրախալի էր այս նյութերի որոնումն ու հայտնաբերումը հենց այս տարի, երբ Ադրբեջանում նշվում է ռադիոհեռարձակման 100-ամյա հոբելյանը։ Մեծ շնորհակալություն, որ հոբելյանական տարում նման փորձառություն ստանալու հնարավորություն տվեցիք, և այս արխիվին ծանոթանալու առիթ ունեցանք։ Հույս ունեմ, որ ադրբեջանցի ունկնդիրները նույնպես կունենան այս նյութերը լսելու հնարավորություն», – հայտարարել է Ադրբեջանի հանրային ռադիոյի ղեկավարը։

Նմանատիպ