Տիրանայում ցույցի ժամանակ դիմակավորված ուսանողները բախվել են ոստիկանության հետ, ջարդել պատուհաններ և Ներխուժել բանկերից մեկը

20:37, 16.10.2026
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում բողոքի ցույցի է դուրս եկել հազարավոր քաղաքացի։ Ուսանողական բողոքի ցույցերի չորրորդ օրը ցուցարարները դարձյալ պահանջում են երկրի վարչապետ Էդի Ռամայի հրաժարականը։ Տեղեկությունը տարածում է «Reuters»-ը։
Ինչպես գրում է գործակալությունը, դիմակավորված ուսանողները Կրթության նախարարության շենքի առջև բախվել են ոստիկանության հատուկ նշանակության ջոկատայինների հետ։ Ցուցարարները ջարդել են պատուհանները։ Միջադեպ է տեղի ունեցել նաև բանկերից մեկի շենքի մոտ, որտեղ ուսանողները ներխուժել են։
Քաղաքի տարածքում որոշ ճակատամասերում եղել են գրություններ․ «Մենք ձեր կողքին ենք։ Խնդրում ենք, մի վնասեք մեր բիզնեսները»։
«140 օր է՝ խաղաղ բողոքում ենք, բայց մեր ձայնը ոչ ոք չի լսել։ Ուստի սա մերմիակ շանսն է, որ մեզ լսեն և ստանանք այն իրավունքները, որոնք պատկանում են մեզ», – մեդիային հայտնել է ցուցարարներից մեկը։
Ուսանողները իշխանության ներկայացուցիչներին մեղադրում են կոռուպցիայի և կրթության ոլորտի խնդիրներն անտեսելու մեջ։ Նրանց դժգոհության պատճառներից մեկը Ալբանիայի ափամերձ տարածքների վաճառքն է առողջարանային համալիր կառուցելու համար։ «Reuters»-ի փոխանցմամբ՝ առողջարանային համալիրի կառուցման նախագծին աջակցում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Կուշները։
Բողոքի ցույցեր են անցկացվել նաև այլ քաղաքներում։ Տեղական մեդիայի փոխանցմամբ՝ ափամերձ Լեժա քաղաքում բախում է տեղի ունեցել ոստիկանության և ցուցարարների միջև։ Իսկ Էլբասանում, Շկոդերում և Կորչայում ցույցի մասնակիցները ջարդել են պատուհաններ և հրդեհել աղբամաններ։

Նմանատիպ