Վրաստանի Առաջին ալիքի հայտարարությունը

16:40, 07.10.2026

Սոցիալական ցանցերում Վրաստանի Առաջին ալիքի արխիվի վերաբերյալ տարածվել է հանրությանը միտումնավոր մոլորեցնող կեղծ տեղեկատվություն: Ցանկանում ենք հստակ և լիակատար պատասխանատվությամբ հայտարարել, որ վրացական հեռուստամշակութային ժառանգությունը, որն արտացոլում է մեր երկրի պատմությունը, մշակույթն ու ընդհանուր հիշողությունը, պաշտպանված է, և տարածված լուսանկարները չեն ներկայացնում Առաջին ալիքի նոր արխիվային պահոցները:

Լիովին գիտակցում ենք, որ Առաջին ալիքի արխիվում պահպանված են Վրաստանի ձայնն ու դեմքը, մարդիկ, որոնք այսօր այլևս մեր կողքին չեն, իրադարձություններ, որոնք փոխել են երկիրը, և արվեստ, որի վրա մեծացել են սերունդներ: Այս ժառանգությունը մեզ է հասել բազմաթիվ մարդկանց աշխատանքի շնորհիվ, և հենց այդ պատճառով հանրությանը հստակ հայտնում ենք. վրացական հեռուստամշակութային ժառանգությունը պաշտպանված է, և մենք պատասխանատվություն ենք կրում, որ այն ամբողջությամբ կփոխանցվի ապագա սերունդներին:

Հենց այս պատասխանատվությունն իրականացնելու համար իրականացվել է երկարատև, բարդ և հետևողական աշխատանք, իրագործվել է պետական նշանակության նախագիծ. Առաջին ալիքի արխիվը տեղակայվել է նոր շենքում՝ ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած պահոցներում, իսկ վրացական կինոժառանգության զգալի մասը փոխանցվել է Վրաստանի ազգային արխիվին:

Այս արդյունքին նախորդել է երկարատև և բարդ գործընթաց: Ազգային արխիվի հետ համագործակցությամբ իրականացվել է նյութերի տեսակավորում, կատալոգացում, փաստաթղթերի գիտատեխնիկական մշակում և տեղափոխում համապատասխան պահոցներ: Այս գործի հետևում կանգնած են մասնագետներ, որոնք խնամել են հազարավոր նյութեր, հաշվառել և տեղավորել դրանք: Նրանց աշխատանքը կեղծ մեղադրանքներով քողարկելն անարդարություն է և անպատասխանատվություն:

Հին շենքում մնացած, արդեն իսկ օտարված նյութերի լուսանկարներով տպավորություն է ստեղծվում, թե իբր դրանք անված են Առաջին ալիքի նոր պահոցներում, և վրացական հեռուստամշակութային ժառանգությունը կանգնած է ոչնչացման վտանգի առջև:

Իրականությունը հակառակն է. նոր շենք փոխադրվելու շրջանակներում իրականացվել է լայնամասշտաբ աշխատանք. Ազգային արխիվին է փոխանցվել 1957-1998 թվականներին վրացական հեռուստատեսային ստուդիայի կողմից ստեղծված կինոնյութը՝ ընդհանուր առմամբ շուրջ 27 000 տուփ: Դրանց թվում են խմբագրությունների կողմից 16 մմ կինոժապավենի վրա նկարահանված 2 454 միավոր և «Վրացական հեռուստաֆիլմի» արտադրած գեղարվեստական, վավերագրական ու երաժշտական ֆիլմերը, ինչպես նաև հիմնադրամային նյութեր 35 մմ կինոժապավենի վրա՝ ընդհանուր 1 663 միավոր:

Հին պահոցի համապատասխան դարակաշարերը հենց այս նյութերը տեղավորելու համար են փոխանցվել Վրաստանի ազգային արխիվին, իսկ դրանք որպես ջարդոն հանձնելու մասին տարածված տեղեկատվությունը լիակատար կեղծիք է:

Հանրությանը նաև պարզաբանում ենք, թե ինչ են ներկայացնում հին շենքում մնացած նյութերը, և նշում, որ անհրաժեշտ է միմյանցից հստակ սահմանազատել վրացական արխիվային ժառանգությունը և հին կինոպահոցում առկա այլ կատեգորիայի նյութերը. կինոպահոցում պահվում էին միութենական հեռուստավարձույթի համակարգից ստացված խորհրդային հանրապետությունների և օտարերկրյա արտադրության ֆիլմերի 14 709 օրինակներ: Դրանց նկատմամբ հեռարձակողը վաղուց այլևս չունի համապատասխան եթերային օգտագործման իրավունքներ: Հատկապես հատկանշական է և ուշադրության արժանի այն փաստը, որ բազմակի ցուցադրությունների հետևանքով ժապավենները զգալիորեն մաշված և ամորտիզացված էին:

Այս կատեգորիայից Ազգային արխիվն ընտրել և տեղափոխել է «Վրացական ֆիլմ» կինոստուդիայի արտադրած վրացական ֆիլմերի 709 օրինակ: Մնացած նյութերը Ազգային արխիվը, հաշվի առնելով դրանց իրավական կարգավիճակն ու տեխնիկական վիճակը, չի կարողացել ընդունել: Կրկնօրինակները, ամորտիզացված ժապավեններն ու տուփերը աճուրդի կարգով փոխանցվել են գնորդ ընկերությանը:

Հիշեցնում ենք, որ Կոստավայի փողոց №68 հասցեում գտնվող շենքն այլևս չի հանդիսանում Վրաստանի Առաջին ալիքի սեփականությունը, իսկ այս լուսանկարները չեն արտացոլում Առաջին ալիքի նոր արխիվային պահոցները և այնտեղ պահպանվող արխիվի վիճակը:

Արդեն իսկ օտարված, ամորտիզացված նյութերը որպես վրացական հեռուստամշակութային ժառանգության ոչնչացման ապացույց ներկայացնելը փաստերի կոպիտ աղավաղում է: Նման տեղեկատվության տարածումն անհիմն կերպով վնասում է Հանրային հեռարձակողի համբավը և անտեսում է այն մասնագետների աշխատանքը, որոնք մեծ գործ են կատարել երկրի համար կարևոր արխիվային ժառանգության պաշտպանության և կարգավորման ուղղությամբ:

Հանրային հեռարձակողը պատասխանատու է յուրաքանչյուր քաղաքացու առջև: Պատրաստ ենք շահագրգիռ անձանց տրամադրել ամբողջական տեղեկատվություն կատարված աշխատանքների, արխիվի պահպանման պայմանների մասին և հարցերին պատասխանել փաստերով ու համապատասխան փաստաթղթերով:

Հանրային հեռարձակողի գործունեության քննադատությունը պետք է հիմնված լինի ճշմարտության վրա: Երկրի մշակութային ժառանգության պաշտպանության հարցում հանրությանը մոլորեցնելն անթույլատրելի է և դուրս է գալիս արտահայտվելու իրավունքի սահմաններից:

Կոչ ենք անում կեղծ տեղեկատվություն տարածողներին անմիջապես ուղղել հանրային տիրույթում հրապարակված մեղադրանքները և հանրությանը նույն հանրային տիրույթում տրամադրել միայն փաստերի վրա հիմնված, ստուգված տեղեկատվություն, հակառակ դեպքում դա կդիտարկվի որպես մեր կողմից հանրայնորեն ներկայացված փաստերի անտեսում:

Վրաստանի Առաջին ալիքը կպաշտպանի իր գործարար համբավն ու այս գործում ընդգրկված մարդկանց մասնագիտական պատիվը: Կեղծ մեղադրանքների տարածման դեպքում հեռարձակողը կդիտարկի օրենքով նախատեսված իրավական պաշտպանության միջոցների կիրառումը:

Մեր արխիվը մեր ընդհանուր հիշողությունն է: Դրա պաշտպանության համար ներդրված աշխատանքը հանրությունը պետք է գնահատի ճշմարտությամբ: Իսկ այդ ժառանգության անունից մարդկանց մոլորեցնելը կատեգորիկ անթույլատրելի է:

Նմանատիպ