Դմիտրի Պեսկովը հայտարարում է, որ ժանտախտի հետազոտական ինստիտուտի լաբորատորիայի աշխատակցի մահվան հետ կապված իրավիճակի մասին տեղեկությունների մեծ մասը կեղծ են

16:03, 07.10.2026
Ռուսաստանը Սիբիրում ժանտախտի դեմ պայքարի հետազոտական ինստիտուտում լաբորատորիայի աշխատակցի մահվան մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղեկացրել է սահմանված ընթացակարգերին համապատասխան․ այս մասին հայտարարել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Բացի այդ, Պեսկովը լրատվամիջոցներին մեղադրել է կեղծ տեղեկատվություն տարածելու մեջ։
Ինչպես գրում է «Ռոյթերս»-ը, Կրեմլի մամուլի քարտուղարը նկատի ունի ABC News-ի տեղեկությունը, ըստ որի՝ ԱՄՆ-ն Ռուսաստանին պաշտոնական դիվանագիտական բողոք է հղել: Լրատվամիջոցը նշում էր, որ Վաշինգտոնը Մոսկվայից պահանջում է ավելի մեծ թափանցիկություն միջադեպի առնչությամբ:
«Լրատվամիջոցները շատ տեղեկատվություն են լուսաբանում, և այս իրավիճակի մասին տարածված տեղեկությունների մեծ մասը կեղծ են»,- նշում է Դմիտրի Պեսկովը։
Ի գիտություն, մի քանի օր առաջ Իրկուտսկի Սիբիրի և Հեռավոր Արևելքի ժանտախտի դեմ պայքարի հետազոտական ինստիտուտում աշխատող լաբորանտ Դարյա Շիպիլովան մահացել է: Տեղեկություն էր տարածվել, որ Դարյա Շիպիլովայի՝ լաբորատորիայում աշխատելու ընթացքում վնասվել է ժանտախտի հարուցիչ պարունակող փորձանոթը: Այս վարկածը պաշտոնական գերատեսչությունները չեն հաստատում:

Նմանատիպ