Վրաստանը թույլ չի տվել իր տարածքով զենք փոխադրվեր Հայաստան, ցանկանում եմ դրա համար շնորհակալություն հայտնել Վրաստանի իշխանություններին. Իլհամ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնում Վրաստանի իշխանություններին, որ թույլ չեն տվել Հայաստան զենք մատակարարվի Վրաստանի տարածքով:
«Ինչպես գիտեք, Վրաստանը թույլ չի տվել իր տարածքով զենք փոխադրվեր Հայաստան»,- ասել է Ալիևը: Ըստ նրա, դա է պատճառը, որ զենքը մատակարարվում է տրանսպորտային ինքնաթիռների միջոցով, մերձկասպյան երկրների տարածքով և օդային ճանապարհով:
Խոսքը վերաբերում է այս տարվա հուլիսին, որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկատվությանը, թե իբր Սերբիան զենք է ներմուծել Հայաստան Վրաստանի տարածքով:
«Վրաստանը հանդես է եկել որպես հուսալի գործընկեր: Ես կցանկանայի իմ երախտագիտությունը հայտնել Վրաստանի կառավարությանը դրա համար: Կարող եմ ասել, որ Վրաստանի կառավարության տեսքով մենք ունենք հուսալի գործընկեր»,- ասել է Իլհամ Ալիևը:
Ադրբեջանի նախագահի խոսքով, Վրաստանի և Ադրբեջանի միջպետական կապերն ամեն օր ուժեղանում են: Իրականացվում են բազմաթիվ նախագծեր: Մոտ ժամանակներս նախատեսվում է Ադրբեջանի արտգործնախարարի պաշտոնական այցը Վրաստան:
Իլհամ Ալիևը նշում է, որ Ադրբեջանն ու Վրաստանը կապված են ինչպես պատմական կապերով, այնպես էլ ընդհանուր շահերով:
«Ադրբեջանը միշտ Վրաստանի կողքին է: Ես հիմա չեմ ցանկանում թվարկել այս պատմական փաստերը: Սակայն Ադրբեջանը միշտ աջակցում է Վրաստանի զարգացմանը, բարեկեցությանը և կայունությանը»,- ասել է Ալիևը: