Վրաստանը և Եվրամիությունը համաձայնագիր են ստորագրել «Ստեղծագործ Եվրոպա»  2021-2027 թվականների ծրագրին Վրաստանի մասնակցության մասին
Վրաստանը և Եվրամիությունը համաձայնագիր են ստորագրել «Ստեղծագործ Եվրոպա» 2021-2027 թվականների ծրագրին Վրաստանի մասնակցության մասին

Վրաստանը և Եվրամիությունը համաձայնագիր են ստորագրել «Ստեղծագործ Եվրոպա 2021-2027» թվականների ծրագրին Վրաստանի մասնակցության մասին։ Փաստաթուղթը ստորագրել են Վրաստանի փոխվարչապետ, մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարար Թեա Ծուլուկիանին և Եվրոպական հանձնաժողովի նորարարության, հետազոտությունների, մշակույթի, կրթության և երիտասարդության հարցերով հանձնակատար Մարիա Գաբրիելը։

Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ համաձայնագրի արդյունքում Վրաստանը որպես ասոցացված երկիր երկրորդ անգամ կմասնակցի «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին և կկարողանա մասնակցել մշակույթի, մամուլի և ոլորտի մրցույթների:

«Ստեղծագործ Եվրոպա» ծրագիրը 2,44 միլիարդ եվրո բյուջետային աջակցություն կտրամադրի ծրագրի անդամ երկրների մշակութային, ստեղծագործական և տեսալսողական հատվածներին: Ծրագիրն ունի երկու հիմնական նպատակ՝ պաշտպանել, զարգացնել և խթանել եվրոպական մշակութային և լեզվական բազմազանությունը, ինչպես նաև բարձրացնել մշակութային և ստեղծագործական ոլորտների, հատկապես տեսալսողական հատվածի մրցունակությունն ու տնտեսական ներուժը:

Նշենք, որ Վրաստանը «Արեւելյան գործընկերության» առաջին երկիրն էր, որը 2015 թվականին պաշտոնապես միացավ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին: 2014-2020 թվականների ծրագրի շրջանակներում Վրաստանի մասնակցությամբ, ծրագրի ֆինանսավորում է ստացել 33 նախագիծ, որն ընդհանուր առմամբ կազմում է ավելի քան 1,5 մլն եվրո։ Ֆինանսավորված կազմակերպություններից հինգը հանդիսանում են ծրագրի առաջատար գործընկերները, որոնք հաջողության են հասել «Ստեղծագործ Եվրոպայի» ֆինանսավորման բոլոր սխեմաներում: Ծրագրի շրջանակներում նաև խթանվել են տարբեր ոլորտներ, այդ թվում՝ կինոփառատոն, գրականություն, թանգարանային ոլորտ, ճարտարապետություն և այլն:

Հարկ է նշել, որ Վրաստանի և ԵՄ-ի միջև առկա գործընկերությունը զարգացնելու, վրացական մշակույթը խթանելու և ամրապնդելու, ինչպես նաև եվրոպական մշակույթի հանրահռչակման նպատակով Վրաստանի և ԵՄ-ի միջև ստորագրվել է «Ստեղծագործ Եվրոպային Վրաստանի մասնակցության մասին» համաձայնագիրը։ Ծրագիրը (2021-2027) կարևոր քայլ է: Դա պայմանավորված է Ասոցացման համաձայնագրի դրույթներով, որոնք նախատեսում են Վրաստանի և Եվրամիության միջև մշակույթի ոլորտում փոխշահավետ համագործակցության զարգացում»,- ասված է հաղորդագրության մեջ։