Վրաստանը այն երկրների շարքում է, որոնց քաղաքացիները հուլիսի 1-ից կկարողանան մուտք գործել Եվրամիության տարածք
Եվրամիության անդամ երկրների դեսպանները պայմանավորվել են այն երկրների ցուցակի վրա, որոնց քաղաքացիները հնարավորություն կունենան հուլիսի 1-ից մուտք գործել Եվրամիության տարածք: Այդ 14 երկրների շարքում է նաև Վրաստանը: Վերջնական ցուցակը հավանաբար կհաստատվի երկուշաբթի օրը: Այս մասին տեղեկությունը տարածում է ֆրանսիական «Le Monde» հրատարակությունը:
Ցուցակում չեն հայտնվել այնպիսի երկրներ, ինչպիսիք են՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Իսրաելը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան, երկրներ, որտեղ «կովիդ 19»-ի համավարակը ակտիվ փուլում է:
Բացի Վրաստանից, հուլիսի 1-ից Եվրամիության տարածք կարող են մուտք գործել՝ Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Կանադայի, Մոնտենեգրոյի, Սերբիայի, Թաիլանդի, Ուրուգվայի, Ռուանդայի, Ալժիրի, Մարոկոյի և Թունիսի քաղաքացիները: