Վրացի զինվորները միջազգային մարզումներում արծաթե մեդալներ են նվաճել
Վրաստանի պաշտպանության ուժերի զինծառայողները հաջողությամբ հանդես են եկել Մեծ Բրիտանիայում անցկացված «Cambrian Patrol 2022» զորավարժություններին։
Վրաստանի ՊՆ տեղեկատվության համաձայն՝ վրացի զինվորները Ուելսից Վրաստան են վերադարձել արծաթե մեդալներով։
«Վրաստանի պաշտպանության ուժերից զորավարժությանը մասնակցել է J-2 հետախուզական վարչության և հատուկ գործողությունների ուժերի ռեյնջերների գումարտակի զինվորականների թիմը։ Վրացի զինվորները 70 կիլոմետր տարածություն են հաղթահարել 48 ժամվա ընթացքում և նշված երթուղում հաջողությամբ կատարել 10 հետախուզական առաջադրանք։
Հետախուզական առաջադրանքները ներառում էին ականապատ դաշտերի հայտնաբերում և ելքերի կազմակերպում, առաջին բուժօգնության տրամադրում, հակառակորդի տեխնիկայի հայտնաբերում, հրետանու կրակի ճշգրտում և հակառակորդի ամրացված դիրքի վրա գրոհ: Մրցույթը ընթանում էր 10 օրվա ընթացքում՝ Հյուսիսային Ուելսի լեռնային տեղանքում և դրան մասնակցեցին թիմեր 30 երկրներից:
Բրիտանական բանակի կողմից կազմակերպված «Cambrian Patrol» զորավարժությունները կանոնավոր կերպով անցկացվում են 1959 թվականից։ Դրա նպատակն է մեծացնել հետախուզական ստորաբաժանումների օպերատիվ հնարավորությունները։ Ամենամյա զորավարժությունը ղեկավարում է Ուելսի 160-րդ հետևակային բրիգադը։ Վրաստանի պաշտպանության ուժերի ստորաբաժանումը յոթերորդ անգամ է մասնակցել «Cambrian Patrol»-ին»,- ասվում է ՊՆ տեղեկատվության մեջ։