Վոլոդիմիր Զելենսկին, Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումների ֆոնին, Դոնալդ Թրամփին կոչ է արել գործադրել «Գրեմի օրենքը», իսկ Եվրոպական միությանը՝ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, Ուկրաինայի շրջանների վրա Ռուսաստանի կողմից հասցվող հարվածների ֆոնին, Դոնալդ Թրամփին կոչ է արել գործադրել «Գրեմի օրենքը», իսկ Եվրոպական միությանը՝ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ։
«Եթե ռուսները որոշեն էլ ավելի դաժան հարվածներ հասցնել, աշխարհը պետք է ընտրի ավելի ուժեղ պատասխան միջոցներ, որպեսզի պատերազմը չտարածվի»,- նշում է Զելենսկին։
Զելենսկիի խոսքով՝ Ուկրաինան Դոնալդ Թրամփին խնդրում է գործադրել «Լինդսի Գրեմի օրենքը Ռուսաստանի և նրա պատերազմին ֆինանսապես աջակցող բոլոր կողմերի դեմ»։
«Մենք խնդրում ենք նախագահներ Անտոնիու Կոշտային և Ուրսուլա ֆոն դեր Լայենին լրացուցիչ եվրոպական պատժամիջոցներ սահմանել։ Բոլոր առաջնորդներին խնդրում ենք ռուս օլիգարխներին չհանել առկա պատժամիջոցների ցուցակներից և սահմանափակել ցանկացած առևտուր ահաբեկիչների հետ, քանի դեռ Ռուսաստանը չի դադարեցրել պատերազմը»,- սոցիալական ցանցում գրում է Ուկրաինայի նախագահը։
Նրա հայտարարության համաձայն՝ միայն անցած գիշերվա ընթացքում ռուսական կողմից իրականացված հարձակման հետևանքով 14 մարդ է վիրավորվել Կիևում, Զապորոժիեում, Օդեսայի, Սումիի և Խարկովի մարզերում, իսկ Զապորոժիեում երկու մարդ զոհվել է։ Վնասվել է նաև քաղաքացիական ենթակառուցվածք՝ մանկապարտեզ Կիևում, լիցեյ Կիևի մարզում, համալսարան Խարկովում և էներգաօբյեկտներ Պոլտավայի, Նիկոլաևի ու Վիննիցայի մարզերում։