Վոլոդիմիր Զելենսկին հայտարարում է, որ Ռուսաստանը Սումիի մարզի սահմանին 50 000 զինվորական է մոբիլիզացրել

13:34, 28.05.2025

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը Սումիի մարզի սահմանին տեղակայել է 50 000 զինվորական։ Այս մասին Զելենսկին նշել է մեդիայի հետ զրույցում։

Նա նաև ընդգծել է, որ Ուկրաինայի պատասխան գործողությունների արդյունքում Ռուսաստանը չի կարողացել Սումիի մարզում իրականացնել «մեծ հարձակում»։

Սումիի մարզը սահմանակից է Ռուսաստանի Կուրսկի շրջանին, որտեղ ուկրաինական կողմի տվյալներով Ուկրաինայի ուժերն այժմ էլ վերահսկում են որոշ տարածքներ։

«Նրանց խոշորագույն, ամենահզոր ուժերը ներկայումս տեղակայված են Կուրսկի ուղղությամբ՝ մեր ուժերին Կուրսկի շրջանից դուրս մղելու և Սումիի մարզում հարձակողական գործողություններ նախապատրաստելու նպատակով», – նշել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի իշխանությունը փորձում է ստեղծել 10 կիլոմետրանոց բուֆերային գոտի Ուկրաինայի սահմանների երկայնքով։

«Հասկանում եմ, որ Ուկրաինայի ներսում 10 կիլոմետր խորությամբ այդ բուֆերային գոտու ստեղծման համար նրանց հնարավորությունները բավարար չեն։ Այս պահին դա է իրավիճակը։ Կարծում եմ՝ Կուրսկի շրջանում մեր ստորաբաժանումները ճիշտ վարվեցին. դուրս եկան մի ուղղությունից և մուտք գործեցին Կուրսկի մարզ այլ ուղղությամբ։ Մենք այնտեղ կլինենք, քանի դեռ ռուսները չեն ցանկանա ավարտել պատերազմը կամ գոնե առաջին քայլը կատարել՝ դադարեցնել կրակը», – ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը նաև հայտարարել է, որ վերջին երկու օրերի ընթացքում ուկրաինացի զինվորականները Դոնեցկի մարզում, Կոնստանտինիվկայի մերձակայքում, ետ են մղել օկուպանտ ուժերին 4 կիլոմետրով։

«Ինչպես Պոկրովսկի ուղղությամբ, այնպես էլ Կոնստանտինիվկայի մոտ խնդիրներ կային, սակայն եղել են հաջող մարտեր։ Վերջին երկու օրերի ընթացքում Կոնստանտինիվկայի ուղղությամբ մենք նրանց 4 կիլոմետրով ետ ենք մղել», – հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին։

Նմանատիպ