Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան հրավիրվել է հունիսի 24-25-ը կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Ուկրաինան հրավիրվել է Հաագայում հունիսի 24-25-ը կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
Zoom-ի միջոցով լրագրողների հետ զրույցում Զելենսկին խոսել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ իր հանդիպման մասին։
«Մեզ հրավիրել են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Կարծում եմ՝ սա կարևոր է», – նշել է Ուկրաինայի նախագահը։
Այնուամենայնիվ, Զելենսկին չի մանրամասնել, թե ինչ տեսքով է Ուկրաինան ներկայացված լինելու գագաթնաժողովում։
Հիշեցնենք, որ այսօր Ուկրաինայի նախագահը Վիլնյուսում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ։ Զելենսկին սոցցանցերում գրել է, որ Ռյուտեի հետ խոսել է Ստամբուլում ուկրաինական և ռուսական պատվիրակությունների հանդիպման մասին։ Ռյուտեն և Զելենսկին նաև քննարկել են Ուկրաինային օգնելու հետագա քայլերը։