Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին դիմել է Ուկրաինայի և Ռուսաստանի քաղաքացիներին։
Զելենսկու տեսաուղերձը հրապարակել են ուկրաինական լրատվամիջոցները, որում նա սկզբում խոսել է ուկրաիներեն, ապա ելույթը շարունակել ռուսերեն։
Ելույթ ունենալով ուկրաիներենով, Զելենսկին նշել է, որ հանդիպել է բիզնեսի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև խոսել է միջազգային հանրության կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների մասին։
Ինչ վերաբերում է ռուսերեն լեզվով ուղերձին, Զելենսկին ասել է, որ ինքը նախաձեռնել է հեռախոսազրույց Վլադիմիր Պուտինի հետ, սակայն արդյունքում լռություն է ստացել։ «Սակայն լռություն պետք է լինի Դոնբասում»,- ասել է Զելենսկին։
Դիմելով Ռուսաստանի քաղաքացիներին՝ Զելենսկին նշել է, որ նրանց դիմում է որպես Ուկրաինայի քաղաքացի, այլ ոչ թե երկրի նախագահ։
«Մենք կիսում ենք ավելի քան 2000 կիլոմետրանոց ընդհանուր սահման, որի երկայնքով կանգնած է ձեր բանակը՝ գրեթե երկու հարյուր հազար զինվոր, հազարավոր ռազմական մեքենաներ։ Ձեր ղեկավարությունն աջակցել է նրանց ներխուժմանը մեկ այլ երկիր: Այս քայլը կարող է դառնալ նոր պատերազմի սկիզբ եվրոպական մայրցամաքում»,- ասել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ ցանկացած սադրանք կարող է օգտագործվել որպես պատերազմի պատրվակ։
Դիմելով Ռուսաստանի քաղաքացիներին՝ Զելենսկին նշել է, որ իրենց Ուկրաինայի մասին իրական տեղեկատվություն չեն տրամադրում լուրերում։
«Ձեզ ասում են, որ մենք տանել չենք կարող ռուսական մշակույթը։ Ինչպես կարող ես չտանել ցանկացած մշակույթ։ Հարևանները միշտ մշակութային առումով հարստացնում են միմյանց, սակայն դա նրանց չի միավորում, իրար չի խառնում։ Մենք տարբեր ենք, բայց դա մեզ համար թշնամի լինելու արդարացում չէ։
Մենք ցանկանում ենք ինքներս սահմանել և կառուցել մեր պատմությունը՝ հանգիստ, հանդարտ, ազնվորեն», – հայտարարել է Զելենսկին։
Զելենկին նշել է, որ ուկրաինացի ժողովուրդը և կառավարությունը խաղաղություն են ցանկանում և կոչ է արել ռուս ժողովրդին ողջախոհության կոչ անել։ Զելենսկին ասել է, որ Ուկրաինային աջակցում են շատ երկրներ, քանի որ աշխարհի համար կարևոր է արդարության պահպանումը։
«Մենք հաստատ գիտենք, որ պատերազմ չենք ուզում՝ ո՛չ սառը, ո՛չ տաք, ո՛չ հիբրիդային։ Սակայն եթե նրանք ներխուժեն մեզ մոտ, խլեն մեր երկիրը, խլեն մեր ազատությունը, մեր կյանքը, մեր երեխաների կյանքը, մենք կպաշտպանվենք։ Հարձակման դեպքում, կտեսնեք մեր դեմքերը, ոչ թե թիկունքները», – ասել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը նշել է, որ Ուկրաինան վտանգ չի ներկայացնում Ռուսաստանի համար, և դա չի լինի ապագայում։ Նա ասել է, որ Ուկրաինան իր անվտանգության երաշխիքներ է պահանջում, և նրա նպատակը խաղաղությունն է։
«Ռուսները պատերազմ ուզու՞մ են. Ես շատ կուզենայի այս հարցին պատասխանել։ Այս պատասխանը կախված է միայն ձեզնից՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներից», – ասել է Ուկրաինայի նախագահը իր ուղերձում։