Վոլոդիմիր Զելենսկի. Կիևը երբեք չի ճանաչի Ռուսաստանի կողմից ուկրաինական տարածքների բռնակցումը, մենք ծանր գին ենք վճարում այն ամենի համար, ինչ մեզ ներքաշել է Ռուսաստանը
Ուկրաինան երբեք չի ճանաչի Ռուսաստանի կողմից օկուպացված իր տարածքների անեքսիան, նույնիսկ եթե դա անհրաժեշտ լինի խաղաղ համաձայնության հասնելու համար, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Լոնդոնում եվրոպացի առաջնորդների գագաթնաժողովից հետո բրիտանացի լրագրողներին տված հարցազրույցի մեջ։
Ուկրաինայի նախագահը նշել է, որ Կիևը միշտ կհամարի Ռուսաստանի կողմից օկուպացված ուկրաինական տարածքները որպես «ժամանակավոր օկուպացված», նույնիսկ եթե երկիրը ներկայումս չունի բավարար ռազմական ուժ Ռուսաստանին ամբողջությամբ դուրս մղելու համար։
«Մեր տարածքներն ու արժեքները չեն վաճառվում: Մեր ազատությունը չի վաճառվում: Մենք ծանր գին ենք վճարում այն ամենի համար, ինչի մեջ մեզ ներքաշել է Ռուսաստանը»,- ասել է Զելենսկին։
Նա ասել է, որ Ուկրաինան կհամաձայնի հրադադարի միայն այն դեպքում, եթե իրեն ապահովեն անվտանգության հուսալի երաշխիքներ։ Նա հույս է հայտնել, որ նման երաշխիքները Ռուսաստանին հնարավորություն չեն տա նոր ռազմական գործողություններ սկսել Ուկրաինայում, կամ եթե դա անի Մոսկվան, Ռուսաստանը կոշտ պատասխան կստանա Ուկրաինայից և նրա դաշնակիցներից։