Ողջ գիշերվա ընթացքում Ախալքալաքում կենտրոնացված էին ոստիկանության ուժերը
Ողջ գիշերվա ընթացքում Ախալքալաքում կենտրոնացված էին ոստիկանության ուժերը

Ախալքալաքում տեղի ունեցած սպանության և միջադեպի պատճառով, ողջ գիշերվա ընթացքում կենտրոնացված էին ոստիկանության ուժերը:

Քաղաքի տարբեր մասերում իրականացվում էին հետաքննչական գործողություններ:

Տարածվում է տեղեկություն միջադեպի ժամանակ տուժածների մասին, սակայն քաղաքի հիվանդանոցում լրագրողների հարցերին չեն պատասխանել:

Սպանությունը տեղի է ունեցել օգոստոսի 8-ին Ախալքալաքում: Հրազենային վնասվածքից սպանվել է մինչև 30 տարեկան տղամարդ:  Ինչպես Վրաստանի առաջին ալիքին հայտնել են ներքին գործերի նախարարությունից, հետաքննությունը սկսվել է Վրաստանի քրեական օրենսգրքի 108-րդ (կանխամտածված սպանություն) և 236-րդ (հրազենի ապօրինի գնում և պահում) հոդվածներով:

Տեղացիների խոսքով, միջադեպը կապված է մի քանի տարվա հակամարտության հետ:

Սպանությունից հետո, օգոստոսի 8-ի երեկոյան, Ախալքալաքում իրավիճակը սրվել է, ինչը անհրաժեշտություն է առաջացրել կենտրոնացնել ոստիկանական ուժերը:

Սամցխե-Ջավախեթիի նահանգապետ, Բեսիկ Ամիրանաշվիլին ասում է, որ սպանվածի համագյուղացիները Ախալքալաքում այրել են ենթադրյալ մարդասպանի հարազատների անշարժ գույքը: Ըստ նրա, իրավիճակը ներկայումս վերահսկվում է ոստիկանության կողմից: