Ուկրաինայի զինված ուժերին թուրքական 50 զրահամեքենա է հանձնվել
Ուկրաինայի զինված ուժերը ստացել են թուրքական 50 զրահամեքենա: Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկություն է տարածում Ուկրաինայի զինված ուժերի «Կախովկա» օպերատիվ խումբը։
«Մեր զինվորներին աջակցում են օտարերկրյա գործընկերները։ Ամբողջ աշխարհը ցանկանում է, որ Ուկրաինան հաղթի դաժան թշնամուն: Թուրքական նոր BMC Kirpi զրահափոխադրիչները հանձնվել են Ուկրաինայի զինված ուժերին»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ըստ տեղեկությունների՝ մոտ ապագայում նախատեսվում է ուկրաինական ուժերին 150 միավոր թուրքական զրահափոխադրիչներ հանձնել։
Ուկրաինայի Ռադայի Ազգային անվտանգության կոմիտեի անդամ, պատգամավոր Յուրի Միսյագչինը արձագանքել է թուրքական զինտեխնիկայի փոխանցմանը։ Նրա խոսքով՝ զրահափոխադրիչին ամրացված է գնդացիր, որը կարող է օգտագործվել 360 աստիճանով, ունի նաև հակահրաձգային և արդյունավետ հակաականային համակարգեր։