Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել։ Կողմերը քննարկել են Թուրքիայի և Ուկրաինայի երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։
Վոլոդիմիր Զելենսկին նշել է, որ Թուրքիայի առաջնորդը պատրաստակամություն է հայտնել հյուրընկալել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը։
«Նախագահ Էրդողանը հստակեցրել է, որ առանց Ուկրաինայի ցանկացած բանակցություն կայուն խաղաղություն չի բերի։ Մենք հասկանում ենք բոլոր ռիսկերն ու վտանգները», – գրել է Զելենսկին։
Ուկրաինայի առաջնորդը նշել է, որ Ուկրաինան պատրաստ է ցանկացած ձևաչափով հանդիպման՝ սպանությունները և պատերազմը դադարեցնելու համար։
Ինչպես հաղորդում է Թուրքիայի նախագահի աշխատակազմը, զրույցը տեղի է ունեցել ուկրաինական կողմի խնդրանքով։
Էրդողանը նշել է, որ Ստամբուլում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ուղիղ բանակցությունների առաջընթացը արժեքավոր է Թուրքիայի համար և հույս է հայտնել, որ հաջորդ փուլերը նշանակալի արդյունքներ կտան հրադադարի համաձայնագրի վերաբերյալ, որը կհանգեցնի երկարատև խաղաղության։