Կառավարական հանձնաժողովի որոշմամբ՝ կշարունակվեն բաժանարար գծի մոտակայքում գտնվող գյուղերի բնակիչներին տրամադրվող աջակցությունը, ինչպես նաև ուսանողների ֆինանսավորումը
Տեղի ունեցավ բաժանարար գծին հարակից գյուղերում բնակվող՝ հակամարտությունից տուժած բնակչությանն աջակցելու կառավարական ժամանակավոր հանձնաժողովի 30-րդ նիստը։ Նիստը բացեցին Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար, հանձնաժողովի նախագահ Ռևազ Սոխաձեն և Հաշտեցման ու քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարար, հանձնաժողովի համանախագահ Թեա Ախվլեդիանին։
Ըստ պետական նախարարի աշխատակազմի՝ հանձնաժողովի անդամները քննարկեցին 2025 թվականի գործունեության հաշվետվությունը և դիտարկեցին այն միջոցառումները, որոնք ուղղված են նշված գյուղերում բնակվող բնակչության առջև ծառացած մարտահրավերների լուծմանը։ Վերանայվեցին գործող աջակցության ծրագրերը, և որոշում կայացվեց ֆինանսական օգնություն տրամադրել՝ ձմեռային շրջանում ջեռուցման ծախսերը հոգալու համար։ Բացի այդ, պայմանավորվածություն ձեռք բերվեց բաժանարար գծի մոտակա գյուղերում բնակվող ուսանողների ուսման ֆինանսավորման վերաբերյալ՝ 2026–2027 ուսումնական տարվա համար։ Ռևազ Սոխաձեն նշեց, որ հանձնաժողովի աշխատանքի գլխավոր առաջնահերթությունը բաժանարար գծին հարակից գյուղերի բնակչության կարիքներին ժամանակին և արդյունավետ արձագանքելն է, ինչպես նաև նրանց սոցիալական պայմանների և կենսամիջավայրի բարելավումը։ Նախարարը նաև անդրադարձավ 2025 թվականին հանձնաժողովի շրջանակներում իրականացված ենթակառուցվածքային նախագծերին, սոցիալական ծրագրերին և աջակցության միջոցառումներին՝ նախաձեռնություններ, որոնք կշարունակվեն նաև 2026 թվականին։
Պետական նախարար Թեա Ախվլեդիանին ընդգծեց օկուպացիոն գծերի մոտակայքում բնակվող՝ հակամարտությունից տուժած բնակչությանն աջակցելու կարևորությունը, ինչպես նաև այդ ուղղությամբ հանձնաժողովի գործադրած ջանքերը։ Նա նշեց, որ նրանց սոցիալ-տնտեսական հզորացումը ուղերձ է հանդիսանում օկուպացված տարածաշրջանների բնակիչների համար՝ հանդիսանալով Վրաստանի կառավարության՝ մարդակենտրոն քաղաքականության հստակ դրսևորում։ «Բաժանարար գծերի մոտ բնակվող՝ հակամարտությունից տուժած բնակչությանն աջակցելը, տարածաշրջանային զարգացման խթանումը և սոցիալ-տնտեսական պայմանների բարելավումը շարունակում են մնալ մեր առաջնահերթություններից։ Այս նպատակով մենք համատեղ ջանքեր ենք գործադրում կառավարական միջգերատեսչական հանձնաժողովի շրջանակներում՝ ապահովելով ոլորտային նախարարությունների և տեղական ինքնակառավարման մարմինների համակարգված մասնակցությունը։ Այսօրվա նիստում մենք ամփոփեցինք անցած տարվա ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները, քննարկեցինք բնակչության ընթացիկ կարիքները, ինչպես նաև դրանց լուծման ուղիները։ Այս տարի մենք կրկին կարևոր որոշումներ կայացրինք՝ մասնավորապես ձմեռային շրջանում ջեռուցման համար աջակցություն տրամադրելու և ուսանողների համար բարձրագույն կրթության հասանելիությունը խթանելու վերաբերյալ», – նշեց պետնախարար Թեա Ախվլեդիանին։