Ուկրաինայի դեսպանին կանչել են Հայաստանի արտաքին գերատեսչություն

Հայաստանի արտաքին գործերի նախարարություն են կանչել Ուկրաինայի դեսպան Իվան Կուլեբային, որտեղ նրան ընդունել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Տեղեկությունն այս մասին տարածել է երկրի արտաքին գործերի գերատեսչությունը:

Նախարարի տեղակալն Ուկրաինայի դեսպանին ներկայացրել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության գնահատականը Հայաստան-Ադրբեջան սահմանին լարվածության մասին Ուկրաինայի արտաքին գերատեսչության կողմից տարածված հայտարարության վերաբերյալ:

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին իրավիճակի լարվելու պատճառով հայտնել էր վրդովմունք:

Ինչպես նշված է գերատեսչության հուլիսի 13-ի տարածած հատարարության մեջ, Ուկրաինան «աջակցում է իրավիճակի քաղաքական կարգավորմանը՝ Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության հիման վրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում»: