Վլադիմիր Զելենսկին հերքում է Ռուսաստանի նախագահի նստավայրի վրա հարձակման փորձը. «Ռուսաստանը հող է նախապատրաստում Կիևի կառավարական շենքերի վրա հարձակումների համար»
Վլադիմիր Զելենսկին հերքում է Ռուսաստանի նախագահի նստավայրի վրա հարձակման փորձը. «Ռուսաստանը հող է նախապատրաստում Կիևի կառավարական շենքերի վրա հարձակումների համար»

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հերքել է Ռուսաստանի նախագահի ռեզիդենցիայի վրա հարձակման փորձի մասին տեղեկությունը։

Ինչպես նշել է Զելենսկին, այդ լուրը կեղծ է, և Ռուսաստանը պարզապես նախապատրաստում է հողը՝ Կիևում կառավարական շենքերի վրա հարվածներ հասցնելու համար։

«Հիմա ռուսները հորինել են բացահայտ կեղծ պատմություն ռուս դիկտատորի ինչ-որ ռեզիդենցիայի վրա իբր իրականացված հարձակման մասին, որպեսզի ունենան արդարացում՝ Ուկրաինայի, մասնավորապես՝ Կիևի դեմ հարվածները շարունակելու համար, ինչպես նաև մերժեն պատերազմը ավարտելուն ուղղված անհրաժեշտ քայլերը։ Դա ռուսների բնորոշ սուտ մարտավարությունն է, ովքեր արդեն հարվածել են Կիևին, այդ թվում՝ Ուկրաինայի նախարարների կաբինետի շենքին», – հայտարարել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ սա Ռուսաստանի փորձն է խոչընդոտելու խաղաղ բանակցություններում ձեռք բերված առաջընթացը։ Նա նաև կոչ է արել ԱՄՆ-ին համապատասխան արձագանքել Ռուսաստանի սպառնալիքներին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե Ուկրաինան փորձել է հարվածել Ռուսաստանի նախագահի ռեզիդենցիային, և որ Ռուսաստանը ընտրել է թիրախներ Ուկրաինայում՝ «պատասխան հարվածների» համար։ Նա նաև նշել էր, որ Մոսկվայի դիրքորոշումը բանակցություններում կվերանայվի։