Վլադիմիր Զելենսկի. Ես դեմ չեմ Եվրոպայի կողմից Ռուսաստանի հետ բանակցություններ սկսելուն, հատկապես հիմա, երբ ԱՄՆ-ն ճնշում է գործադրում նրա վրա
Վլադիմիր Զելենսկի. Ես դեմ չեմ Եվրոպայի կողմից Ռուսաստանի հետ բանակցություններ սկսելուն, հատկապես հիմա, երբ ԱՄՆ-ն ճնշում է գործադրում նրա վրա

«Ես դեմ չեմ Եվրոպայի կողմից Ռուսաստանի հետ բանակցությունների մեկնարկին, հատկապես այժմ, երբ ԱՄՆ-ը ճնշում է գործադրում, և Եվրոպան սկսել է խոսել անվտանգության երաշխիքների մասին», – այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլոդիմիր Զելենսկին «Բլումբերգ»-ի հետ հեռախոսազրույցում։

Լրագրողը Զելենսկիին հարց ուղղեց վերջին շրջանում եվրոպացի առաջնորդների հայտարարությունների վերաբերյալ՝ Մոսկվայի հետ երկխոսության վերականգնման մասին։

Զելենսկու խոսքով՝ ինքը դեմ չէ Եվրոպայի և Ռուսաստանի միջև բանակցություններին, եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գիտակցի այդ բանակցությունների լրջությունը։

«Մենք շարժվում ենք դեպի վերջնական փուլը, չնայած դեռ չենք գիտակցում, թե ինչպիսին կլինի այն», – նշել է Ուկրաինայի նախագահը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինի հետ երկխոսության վերականգնումը կարող է օգտակար լինել։ Իսկ երեկ Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին նշել էր, որ իր կարծիքով Մակրոնը ճիշտ է, և եկել է ժամանակը, երբ Եվրամիությունը պետք է խոսի Ռուսաստանի հետ։