Վլադիմիր Զելենսկի. Ինձ այլևս չի հետաքրքրում ՆԱՏՕ-ի դիվանագիտությունը, որը կործանում է իմ երկիրը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ով ՆԱՏՕ-ին կոչ է արել ավելի կոշտ գործողություններ ձեռնարկել՝ ի պատասխան Ռուսաստանի ներխուժմանը, ասել է, որ այլևս հետաքրքրված չէ նրանց դիվանագիտությամբ։
Ըստ «The Hill»-ի՝ այս մասին Զելենսկին ասել է CBS «60 Minutes»-ին տված հարցազրույցում։
«Երբ աշխատում ես դիվանագիտության մեջ, արդյունք չկա։ Այդ ամենը շատ բյուրոկրատական է: Ուստի, ինչպես որ խոսում եմ նրանց հետ, դա միանգամայն արդարացված է։ Այլևս կյանքեր չունեմ տալու: Ես այլևս զգացմունքներ չունեմ: Ինձ այլևս չի հետաքրքրում նրանց դիվանագիտությունը, որը կործանում է իմ երկիրը»,- ասել է Զելենսկին։
«CBS»-ին տված հարցազրույցում Զելենսկին հավելել է, որ ինքը հիասթափված չէ ճգնաժամին նախագահ Բայդենի արձագանքից։
«Ես չգիտեմ, թե իր փոխարեն մեկ այլ նախագահ ինչպես կօգներ մեզ։ Չգիտեմ, դժվար է։ Մենք լավ հարաբերություններ ունենք։ Ուկրաինան կախված է Միացյալ Նահանգների աջակցությունից, և ես՝ որպես պատերազմող երկրի ղեկավար, կարող եմ միայն երախտապարտ լինել», – ասել է Զելենսկին։