Վլադիմիր Պուտինը հայտարարել է «Պոսեյդոն» միջուկային շարժիչով անօդաչու ստորջրյա սարքի փորձարկման մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է «Պոսեյդոն» անվանումով ջրատակար անօդաչու սարքի փորձարկման մասին, որը համալրված է միջուկային էներգետիկ համակարգով։ Պուտինը այս մասին խոսել է վիրավոր զինծառայողներին այցելելու ժամանակ։
Նրա խոսքով՝ փորձարկման ընթացքում «Պոսեյդոնի» միջուկային էներգետիկ համակարգը հաջողությամբ է գործել, և սարքը որոշ ժամանակ գործել է առանց խափանման։ Պուտինի հայտարարությամբ՝ այս սարքը, որը համալրված է միջուկային շարժիչով, կարող է շարժվել ունիկալ արագությամբ և մեծ խորությամբ։
«Բոլոր այն առավելությունների հետ մեկտեղ, որոնց մասին ես խոսել եմ «Բուրեվեստնիկ» հրթիռի օրինակով, այստեղ ևս չափերը մինիմալ են․ միջուկային ռեակտորը 100 անգամ փոքր է, քան սուզանավերի վրա տեղադրված ռեակտորները։ Միևնույն ժամանակ, «Պոսեյդոնի» հզորությունը զգալիորեն գերազանցում է մեր ամենահեռահար միջմայրցամաքային հրթիռի՝ «Սարմատի» հզորությունը։ Այսպիսի զենք աշխարհում գոյություն չունի», – հայտարարել է Պուտինը։
Հիշեցնենք, որ մինչ այդ Պուտինն ու Ռուսաստանի Գլխավոր շտաբի ղեկավարը տեղեկացրել էին միջուկային էներգետիկ համակարգով համալրված թևավոր հրթիռի՝ «Բուրեվեստնիկի» փորձարկման մասին։ «Բուրեվեստնիկի» փորձարկման մասին հայտարարությունից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ էր արել Պուտինին՝ հրթիռների փորձարկումների փոխարեն ավարտել պատերազմը Ուկրաինայում։