Վլադիմիր Պուտինը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին խորհրդակցությունների համար հոկտեմբերի 9-ին հրավիրել է Մոսկվա
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին հոկտեմբերի 9-ին հրավիրել է Մոսկվա՝ խորհրդակցությունների:
Համապատասխան տեղեկությունը տարածում է Կրեմլի մամլո ծառայությունը:
Ռուսաստանի նախագահի վարչության փոխանցմամբ, խորհրդակցությունները վերաբերելու են գերիների և աճյունների փոխանակմանը: Ռուսաստանի նախագահը կողմերին կոչ է անում, դադարեցնել մարտական գործողությունները:
«Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցների շարքից հետո Ռուսաստանի Դաշնության նախագահը դիմում է հորդորով, դադարեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ընթացող մարտական գործողությունները, մարդասիրական նկատառումներից ելնելով, զոհերի դիակների և գերիների փոխանակման նպատակով: Նշված հարցերի շուրջ խորհրդակցություններ անցկացնելու համար Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի միջնորդությամբ, հոկտեմբերի 9-ին Մոսկվա ենք հրավիրում Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներին»,- ասվում է Կրեմլի հայտարարության մեջ:
Բացի այդ, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ, Բաքուն և Երևանը հայտարարել են հանդիպմանը մասնակցելու համաձայնության մասին: