Վլադիմիր Պուտին. Ես Էրդողանի հետ կքննարկեմ ուկրաինական հացահատիկի արտահանումը Եվրոպա սահմանափակելու հարցը, քանի որ հացահատիկը ուղարկվում է ոչ թե ամենաաղքատ, այլ Եվրամիության երկրներ

12:24, 07.09.2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը թույլ է տվել ուկրաինական հացահատիկի արտահանումը Եվրամիություն սահմանափակելու հնարավորությունը։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին Ռուսաստանի նախագահը հայտարարել է Վլադիվոստոկում ընթացող Արեւելյան տնտեսական ֆորումում։

Ինչպես գրում են լրատվամիջոցները, Վլադիմիր Պուտինն ասել է, որ պատրաստվում է Թուրքիայի նախագահի հետ քննարկել Ուկրաինայից Եվրոպա հացահատիկի և պարենի արտահանումը սահմանափակելու հնարավորությունը, քանի որ ապրանքը չի ուղարկվում ամենաաղքատ երկրներ, որոնք դրա կարիքն ունեն։

«Մենք ամեն ինչ արեցինք ուկրաինական հացահատիկի արտահանումն ապահովելու համար։ Մենք դա արել ենք Թուրքիայի հետ միասին։ Եթե ​​Թուրքիային բացառենք որպես միջնորդ երկիր, ապա Ուկրաինայից արտահանվող գրեթե ողջ հացահատիկը ուղարկվում է ոչ թե ամենաաղքատ զարգացող երկրներ, այլ Եվրամիության երկրներ»,- ասել է Պուտինը։

Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ ութսունյոթ նավերից միայն երկուսն են բեռնվել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի շրջանակներում։

«Կցանկանայի ասել, որ եվրոպական շատ երկրներ վերջին տասնամյակներում և դարերում հանդես են եկել որպես գաղութարարներ և շարունակում են դա անել այսօր: Զարգացող երկրները հերթական անգամ խաբվել են և շարունակում են խաբվել: Ակնհայտ է, որ այս մոտեցմամբ աշխարհի պարենային խնդիրների մասշտաբները միայն կմեծանան, ցավոք, ինչը կարող է հանգեցնել աննախադեպ հումանիտար աղետի։ Միգուցե մտածե՞նք այս ճանապարհով հացահատիկի և սննդամթերքի արտահանման ուղղությունը սահմանափակելու մասին։ Ես անպայման կքննարկեմ այդ հարցը Թուրքիայի նախագահ պարոն Էրդողանի հետ»,- ասել է Պուտինը։

Նմանատիպ