Վլադիմիր Պուտին. ԱՄՆ պատժամիջոցները որոշակի ազդեցություն կունենան, բայց էականորեն չեն ազդի մեր տնտեսական վիճակի վրա
Վլադիմիր Պուտին. ԱՄՆ պատժամիջոցները որոշակի ազդեցություն կունենան, բայց էականորեն չեն ազդի մեր տնտեսական վիճակի վրա

«Ոչ մի ինքնահարգող երկիր կամ անձ երբեք ոչինչ չի որոշում ճնշման ներքո», – այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրողների հետ զրույցում։

Պուտինը ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի խոշոր նավթային ընկերությունների նկատմամբ սահմանված պատժամիջոցները որակել է որպես ոչ բարեկամական քայլ, որը չի նպաստում ռուս-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը։

«Ինչ վերաբերում է նոր պատժամիջոցներին, ապա առաջին հերթին, այստեղ նոր ոչինչ չկա։ Այո, դրանք մեզ համար լուրջ բնույթ են կրում, սա հասկանալի է, և կլինեն որոշակի հետևանքներ, սակայն էապես չեն ազդի մեր տնտեսական վիճակի վրա։ Նախագահ Թրամփի առաջին պաշտոնավարման ընթացքում Ռուսաստանի դեմ սահմանվել են ամենաշատ պատժամիջոցները։ Այսօր դրանք ունեն երկու բաղադրիչ՝ մաքուր քաղաքական և տնտեսական։ Քաղաքական առումով սա Ռուսաստանի վրա ճնշման փորձ է։ Ոչ մի ինքնահարգող երկիր կամ անձ երբեք ոչինչ չի որոշում ճնշման տակ։ Ռուսաստանն անկասկած ունի իրեն ինքնահարգող ազգերի շարքում դասելու լիարժեք իրավունքը։ Իհարկե, սա Ռուսաստանի դեմ ուղղված ոչ բարեկամական արարք է, դա ակնհայտ է։ Այն չի նպաստում ռուս-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը, որոնք ներկայումս սկսում են վերականգնվել», – ասել է Պուտինը։

Խոսելով Բուդապեշտում Դոնալդ Թրամփի հետ հանդիպման վերաբերյալ, Պուտինը նշել է, որ հավանաբար խոսքը հանդիպման տեղափոխման մասին է։

«Երբեք երկխոսությունը չի կարող համեմատվել առճակատման, վեճի կամ առավել ևս պատերազմի հետ։ Այդ պատճառով մենք միշտ աջակցել ենք երկխոսությանը, և այժմ էլ այդ դիրքորոշման կողմնակից ենք», – հավելել է նա։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի երկու խոշորագույն նավթային ընկերությունների՝ «Ռոսնեֆտի» և «Լուկօյլի» նկատմամբ։