Վիրահայոց թեմը տեղեկություն է տարածում Սուրբ Ծննդյան տոնի արարողությունների վերաբերյալ
Վիրահայոց թեմը տեղեկություն է տարածում Սուրբ Ծննդյան տոնի արարողությունների վերաբերյալ

Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմը տեղեկություն է տարածում Սուրբ Ծննդյան տոնի տոնական ծառայության վերաբերյալ:

Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի հանդիսապետությամբ, հունվարի 5-ին, երեկոյան ժամը 17:00-ին Թբիլիսիի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում կմատուցվի Ճրագալոյցի և Աստվածհայտնության Սուրբ Պատարագ:

Ճրագալոյցի Սուրբ Պատարագը մատուցվում է տարին երկու անգամ՝ Սուրբծննդյան և Հարության տոներին: Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու տոնացույցով, Սուրբ ծննդյան տոնն սկսվում է հունվարի 5-ի երեկոյան:

Ի նշանավորումն Սրբազան տոնի՝ Վիրահայոց թեմի բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ճրագալոյցի և Աստվածհայտնության Սուրբ Պատարագ: «Ճրագալոյց» նշանակում է մոմի վառում: Այդ օրը, երեկոյան, մարդիկ եկեղեցում վառված մոմերը տանում են տուն: Այն աստվածային լույսի, եկեղեցու օրհնության խորհրդանիշ է: Ճրագալոյցը մարմնավորում է նաև Բեթղեհեմիի աստղի լույսը: Հունվարի 6-ին Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցին տոնում Սուրբ Ծննդյան և Ջրօրհնեքի տոնը:

Հայոց եկեղեցին այս երկու իրադարձությունները նշում է միասին: Հունվարի 6-ի առավոտյան, ժամը 10:30-ին Սուրբ Պատարագից հետո կկատարվի Ջրօրհնեք՝ Հիսուսի մկրտությունը (ըստ ժողովրդի՝ խաչը ջուրն են գցում): Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում տոնական Սուրբ Պատարագ կմատուցի Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը: