Վիլի Սանյոլը լքել է Վրաստանի հավաքականը, ազգային թիմը կգլխավորի Ռամազ Սվանաձեն #1TVSPORT
Ազգերի լիգայում Հյուսիսային Իռլանդիայի ընտրանուն պարտվելուց հետո Վիլի Սանյոլը լքել է Վրաստանի հավաքականը, իսկ թիմը կգլխավորի Ռամազ Սվանաձեն. տեղեկատվությունը տարածում է Ֆուտբոլի ֆեդերացիան։
«Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մինչև 2028 թվականի վերջը կգլխավորի վրաց մասնագետ Ռամազ Սվանաձեն։ Սվանաձեն գլխավոր մարզչի պաշտոնում կփոխարինի ֆրանսիացի Վիլի Սանյոլին։ Շնորհակալություն Վիլի Սանյոլին Վրաստանի հավաքականում անցկացրած յուրաքանչյուր րոպեի և այն էմոցիաների համար, որոնք միասին ապրեցինք այս պատմական ճանապարհին»,- ասված է ՎՖՖ-ի հայտարարության մեջ։
Սանյոլը Վրաստանի հավաքականը գլխավորում էր 2021 թվականի փետրվարից։ Այս ընթացքում ազգային թիմն անցկացրել է 57 հանդիպում։ Սանյոլի գլխավորությամբ Վրաստանի հավաքականը պատմական հաջողության է հասել. 2024 թվականին թիմն առաջին անգամ խաղաց Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում, որտեղ կարողացավ հաղթահարել խմբային փուլը և հայտնվել մրցաշարի լավագույն 16 թիմերի շարքում։
Ռամազ Սվանաձեն մինչ օրս գլխավորում էր Վրաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը և երիտասարդական թիմի հետ երկու անգամ հանդես է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում։
Վրաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը որակավորման փուլի վերջին երեք հանդիպումներում կմարզի Սվանաձեի օգնական Գիորգի Ադամիան։