Վախթանգ Գոմելաուրին աշխատանքային հանդիպում է ունեցել Սամեգրելո-Զեմո Սվանեթիի ոստիկանության ստորաբաժանումների ղեկավարների հետ
Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին Զուգդիդիում հանդիպել է Սամեգրելո-Զեմո Սվանեթիի ոստիկանության ստորաբաժանումների ղեկավարների հետ։ Հանդիպմանը մասնակցել են փոխնախարարներ Գիորգի Բութխուզին և Ալեքսանդր Դարախվելիձեն։ ՆԳՆ տեղեկատվության համաձայն՝ հանդիպմանը ՆԳ նախարարը վերանայել է գերատեսչության առաջնահերթ ուղղությունները։ «Վախթանգ Գոմելաուրին աշխատանքային խորհրդակցության ժամանակ ոստիկանության շրջանային վարչության պետից տեղեկություններ է լսել ոստիկանության և հանցավորության դեմ պայքարում կանխարգելիչ միջոցառումների մասին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հանցագործությունների վիճակագրությունը և մարզում բացված դեպքերի թիվը։ Վախթանգ Գոմելաուրին նշել է, որ ՆԳՆ-ն շարունակում է բարելավել ոստիկանների ինչպես սոցիալական, այնպես էլ աշխատանքային պայմանները»,- ասված է ՆԳՆ տեղեկատվության մեջ։ Տարածաշրջան կատարած այցի շրջանակներում Վախթանգ Գոմելաուրին իր տեղակալների հետ հանդիպել է պարեկային ոստիկանության Սամեգրելո-Զեմո Սվանեթիի գլխավոր բաժնի ղեկավարների և նույն բաժնի աշխատակիցների հետ։ Ներքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն՝ ղեկավար անձինք ՆԳ նախարարին տեղեկատվություն են տրամադրել իրենց գործունեության տարածքում հասարակական կարգի պահպանության և երթևեկության անվտանգության ուղղությամբ տիրող իրավիճակի մասին։ «ՆԳ նախարարը պարեկ-տեսուչներին տվել է համապատասխան հանձնարարականներ՝ ամառային սեզոնին մարզում զբոսաշրջիկների և տեղացի հանգստացողների համար անվտանգ միջավայր ապահովելու համար։ Վախթանգ Գոմելաուրին շնորհակալություն է հայտնել իրավապահներին հանցագործությունների կանխարգելման, ինչպես նաև տարածաշրջանում օրինականության և կարգի ու անվտանգության պաշտպանության համար»,- ասված է ՆԳՆ տեղեկատվության մեջ։