Վստահ եմ, որ Առաջին ալիքը անաչառ կերպով կլուսաբանի առաջիկա ընտրությունները և որպեսզի որևէ մեկը չկասկածի ալիքի անկողմնապահության մեջ, կայացրել եմ պաշտոնից հեռանալու որոշում,- նշված է Վրաստանի Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Վասիլ Մաղլափերիձեի հրաժարականի հայտարարության մեջ, որով նա դիմել է ալիքի հոգաբարձական խորհրդին:
Վրաստանի Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Վասիլ Մաղլափերիձեն հրաժարական է տվել:
«Համարում եմ, որ 2017 թվականից Վրաստանի Առաջին ալիքը բոլոր ուղղություններով գրանցեց կարևոր առաջընթաց, որը պայմանավորված էր իմ գործընկերների բարձր պրոֆեսինալիզմով և թիմային աշխատանքով: Ալիքում սկսեցինք արտադրել մեգաշոուներ, երաժշտական և ճանաչողական հարղորդումներ, սերիալներ:
2017 թվականից ի վեր Վրաստանի ռադիոն միակ ռադիոն է, որը հեռարձակվում է Վրաստանի ողջ տարածքով:
Առաջին ալիքի «1tv.ge» կայքէջը ընդամենը 2 տարի և 6 ամսում դարձավ առաջատար լրատվական գործակալություններից մեկը մեդիադաշտում:
Կարևորագույն իրադարձություն եմ համարում «Հեռուստադպրոցի» բացումը: Առաջին ալիքի մշտական առաջնահերթություն է մնում այն, որ ոչ վրացալեզու բնակչությունը լիարժեք կերպով ներգրավված լինի գործընթացներին և այդ նպատակով բացեցինք «Բազմերանգ Վրաստան» նախագիծը, որը ուսումնական լաբորատորիա է ոչ վրացալեզու սկսնակ լրագրողների համար:
Եվ իհարկե, «նյուս-ռումի» մասին – հեռուստատեսության տեխնիկական վիճակն անմխիթար էր: Այսօր ընթանում է հեռուստատեսության տեխնիկական վերազինումը:
Պատասխանատվությամբ կարող եմ հայտարարել, որ այսօր Հանրային հեռարձակողը առավելագույնս անկողմնակալ է, լրագրողներն ունեն լիարժեք ազատություն, սակայն նաև պատասխանատվություն, որպեսզի բնակչությանը չփոխանցեն չստուգված և կեղծ տեղեկություն:
Չնայած դրան, վստահ եմ, որ Առաջին ալիքը անաչառ կերպով կլուսաբանի առաջիկա ընտրությունները և որպեսզի որևէ մեկը չկասկածի ալիքի անկողմնապահության մեջ, կայացրել եմ պաշտոնից հեռանալու որոշում»,- նշված է Վասիլ Մաղլափերիձեի հայտարարության մեջ: