Վաշինգտոնում Հրեական թանգարանի մոտ սպանվել են Իսրայելի դեսպանատան երկու աշխատակիցներ
Վաշինգտոնի կենտրոնում՝ Հրեական թանգարանի մոտ, սպանվել են Իսրայելի դեսպանատան երկու աշխատակիցներ։ BBC-ի փոխանցմամբ՝ տղամարդու և կնոջ վրա հարձակումը տեղի է ունեցել, երբ նրանք դուրս էին գալիս Հրեական թանգարանում կազմակերպված միջոցառումից։
Կրակոցը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 21:05-ին։ Ըստ տեղեկությունների՝ կրակոցների պահին Իսրայելի դեսպանատան մի քանի աշխատակիցներ թանգարանում միջոցառման էին մասնակցում։ Հարձակվողը դեռևս չի ձերբակալվել։
«Մենք ակտիվորեն հետաքննում ենք և աշխատում ենք ավելի շատ տեղեկություններ ստանալու ուղղությամբ։ Խնդրում ենք աղոթել զոհերի ընտանիքների համար։ Մենք այս անբարոյական հանցագործին կենթարկենք արդարադատության», – գրել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը։
ՄԱԿ-ում Իսրայելի դեսպանը միջադեպը որակել է որպես հակասեմական ահաբեկչության աննախադեպ դրսևորում։
«Դիվանագետներին և հրեական համայնքին հասցված վնասը հատում է կարմիր գիծը։ Մենք վստահ ենք, որ ԱՄՆ իշխանությունները խիստ միջոցներ կձեռնարկեն այս հանցավոր գործողության համար պատասխանատուների նկատմամբ», – գրել է Դանոնը։