Վարչապետի գլխավորությամբ ստեղծվել է կառավարական համակարգող հանձնաժողով՝ սննդամթերքի գների վերաբերյալ
Սննդամթերքի գների հարցով Վրաստանում ստեղծվել է կառավարական համակարգող հանձնաժողով, որը ղեկավարելու է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Այս մասին հայտնում է կառավարության վարչակազմը։
Հանձնաժողովի ստեղծման մասին համապատասխան որոշումը հաստատվել է կառավարության վերջին նիստի ընթացքում։
Ինչպես նշել է կառավարության վարչակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանը, հանձնաժողովի կազմում կընդգրկվեն համապատասխան ոլորտների նախարարները, կառավարության վարչակազմի ներկայացուցիչներ և Մրցակցության գործակալության անդամներ։
«Վարչապետը շատ մանրամասն խոսեց սննդամթերքի գների աճի մասին և ընդգծեց, որ այս թեման պահանջում է խորքային ուսումնասիրություն, քանի որ հաճախ գների բարձրացումը որևէ տրամաբանական բացատրություն չունի և այդ ամենը բեռն է դառնում սպառողի վրա։ Կառավարական հանձնաժողովը ստեղծվել է այդ գործընթացի ավելի լավ կոորդինացիայի նպատակով», – հայտարարել է Լևან Ժորժոլիանը։