Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը կարող է կասեցնել Հայաստանի քվեարկության իրավունքները կազմակերպության շրջանակներում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) կարող է կասեցնել կազմակերպության շրջանակներում Հայաստանի քվեարկելու իրավունքը։ Այս մասին Մինսկում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թալաթբեկ Մասադիկովը։
Կազմակերպության Խորհուրդը կարող է քննարկել Հայաստանին քվեարկելու իրավունքից զրկելու, ինչպես նաև կազմակերպությունում քվոտային պաշտոններում Հայաստանի քաղաքացիների նշանակումը դադարեցնելու հարցը։
«Արդեն երեք տարի է՝ նրանք ակտիվորեն չեն մասնակցում կազմակերպության գործունեությանը, թեև ներկա են եղել ՀԱՊԿ անդամ պետությունների մշտական ներկայացուցիչների բոլոր շաբաթական հանդիպումներին։ Ռուսաստանի Դաշնությունը բանաձևի նախագիծ է ներկայացրել՝ կապված կազմակերպության Կանոնադրության 25-րդ հոդվածը Հայաստանի նկատմամբ կիրառելու հետ։ Խոսքը անդամավճարների և գործունեությանը չմասնակցելու մասին է։ Սա արդեն երրորդ տարին է, որ նրանք չեն մասնակցում», – նշել է Մասադիկովը։ Հավելենք, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Կանոնադրության 25-րդ հոդվածի համաձայն՝ եթե անդամ պետությունները երկու տարվա ընթացքում չեն կատարում բյուջետային պարտավորությունները (չեն մարում պարտքերը), ապա Խորհուրդը որոշում է կայացնում կասեցնել այդ պետությունների քաղաքացիների՝ կազմակերպությունում քվոտային պաշտոններ զբաղեցնելու իրավունքը, ինչպես նաև զրկում է նրանց քվեարկելու իրավունքից՝ մինչև կազմակերպության հանդեպ ունեցած պարտքերի ամբողջական մարումը։