Տրամվայի գծի նախագծման և շինարարության համար հայտարարված տենդերին հայտ է ներկայացրել չորս ընկերություն

12:49, 01.04.2026

Թբիլիսիի տրանսպորտային ընկերության կողմից հայտարարված տենդերը, որը վերաբերում էր տրամվայի գծի նախագծմանն ու շինարարությանը, ավարտվել է։ Ինչպես մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն նշել է Թբիլիսիի մունիցիպալիտետի կառավարության նիստում, մրցութային փաստաթղթերը ներկայացրել են չորս արտասահմանյան ընկերություններ, իսկ փաստաթղթերի վերլուծությունից հետո կբացահայտվի հաղթող ընկերությունը։

«Մենք ծրագրել ենք Դիդի Դիղոմի բնակավայրը «Դիդուբե» մետրոյի կայարանի հետ կապող տրամվայի գծի նախագծի իրականացումը, ինչը շատ կարևոր է մեր մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի և հարմարավետ տեղաշարժի համար։ Ցավոք, նախորդ իշխանության օրոք տրամվայի գծերն ապամոնտաժվեցին։ Մենք տենդեր էինք հայտարարել, որն ավարտվեց երեկ։ Տվյալ տենդերին մասնակցելու ցանկություն է հայտնել և համապատասխան մրցութային առաջարկներ ներկայացրել չորս ընկերություն և համատեղ ձեռնարկություն, որոնցից երեքը գրանցված են Թուրքիայում, իսկ մեկը՝ Չինաստանում։ Չորս հավակնորդներն էլ բավականին խոշոր և փորձառու ընկերություններ են, որոնք իրականացրել են բազմաթիվ նմանատիպ նախագծեր։ Արդեն սկսվել է ներկայացված փաստաթղթերի մանրամասն վերլուծության և հայտարարված տենդերի պայմաններին համապատասխանության որոշման գործընթացը, ինչը որոշակի ժամանակ կպահանջի, որից հետո կբացահայտվի հաղթող ընկերությունը, և նրա հետ կկնքվի համապատասխան պայմանագիր»,- հայտարարել է Կախա Կալաձեն։

Ինչ վերաբերում է տրամվայի գծի հիմնական պարամետրերին, մայրաքաղաքի քաղաքապետի տեղեկությամբ, տենդերը հայտարարվել էր Ասիական զարգացման բանկի (ADB-ի) գնումների կանոնների համաձայն։

«Տրամվայի գիծը կսկսվի Դիդի Դիղոմիի 3-րդ և 4-րդ միկրոշրջանների միացման հարակից տարածքից, որը Դավիթ Աղմաշենեբելիի ծառուղով և Դիղոմիի զանգվածով կմիանա «Դիդուբե» մետրոյի կայարանի հարակից տարածքին։ Տրամվայի գծի մոտավոր երկարությունը կկազմի 7,5 կմ, որտեղ տեղակայված կլինի 11 կանգառ։ Նշված նախագիծը ներառում է նաև համապատասխան տրամվայի դեպոյի կառուցում, որը նախատեսված կլինի 11 միավոր տրամվայի շարժակազմի սպասարկման և շահագործման համար։ Նախագծի ավարտից հետո տրամվայի գիծը կինտեգրվի միասնական տրանսպորտային ցանցին, ինչը զգալիորեն կբարելավի Դիդի Դիղոմիի բնակչության հասանելիությունը հասարակական տրանսպորտին և կնվազեցնի տեղաշարժման ժամանակը»,- նշել է Թբիլիսիի քաղաքապետը։

Նրա իսկ տեղեկությամբ՝ նախագիծը, որը ֆինանսավորվում է պետական բյուջեից, բաղկացած է երեք փուլից՝ հայեցակարգային նախագիծ, մանրամասն նախագիծ և շինարարություն, որոնց ընդհանուր ժամկետը կազմում է 36 ամիս։

Նմանատիպ